Հայաստանի բանակը շատ մարտունակ է, բայց իր առջեւ ծառացած խնդիրները հաղթահարել հնարավոր է միայն համաժողովրդական աջակցությամբ: Այս մասին այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

«Մեր բանակը շատ լավն է, բայց հին է` ժամանակակից վտանգներին դիմակայելու համար, մեզ պետք է արդիական բանակ եւ բանակի թիկունքին կանգնած արդիական ժողովուրդ: Պետք է ուղեղներիս զոռ տանք, որ բանակը 100 տոկոսի փոխարեն աշխատի 120 տոկոսով: Բանակը միայնակ չի կարող կանգնել արտաքին վտանգի առջեւ: Մեր նախարարությունը վերջապես հասկացավ դա եւ առաջարկեց «ազգ-բանակ» գաղափարախոսությունը»,-ասաց նա:

Վովա Վարդանովի խոսքով, ժողովրդի եւ բանակի միանսությունը մեր ձեռքից վերցրին, երբ այն տարան ռուսական սխեմայով, «բայց ապրիլյան պատերազմը որոշ չափով վերականգնեց այդ միասնությունը»:

«Հայդուկ կամավորականների հայրենասիրական» ՀԿ նախագահ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո) եւս նշեց, որ պետության եւ բանակի միավորումը անհրաժեշտություն է, քանի որ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի իրավիճակի լարման. «Պետք է միավորվենք. որտեղ քաղաքականությունը նեղվում է, բանակը պիտի իր խոսքն ասի, որտեղ բանակն է նեղվում, քաղաքականությունը պիտի իր գործն անի: Մենք ամեն վայրկյան պիտի սպասենք պատերազմի, պատերազմը չի ավարտվել, մի մոռացեք, որ երկու օր առաջ ենք զոհ ունեցել: Ես համոզմունք ունեմ, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է»,- ասաց Մուշեղ Բաբայանը:

«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն էլ կարծիք հայտնեց, որ իրավիճակի ցանկացած լարման դեպքում պետք է համարժեք պատասխան տալ:

«Ես զարմանում եմ, որ մարդիկ հարցնում են` կարո՞ղ է կրկնվել լարումը: Քանի Ադրբեջանը եւ Թուրքիան կան, միշտ էլ կարող է կրկնվել: Լռելը ճիշտ քաղաքականություն չէ, պատասխան պետք է տրվի»,-ասաց նա:

Վովա Վարդանովը հակադարձեց այս կարծիքին` նշելով, որ ոչ թե պետք է սպասել պատասխանի անհրաժեշտությանը, այլ թշնամու համար ստեղծել այդ անհրաժեշտությունը. «Չի կարելի պատասխանել, պետք է այնպես անել, որ իրենք պատասխանելու անհրաժեշտություն ունենան: Նախահարձակ լինելուց, ագրեսորի պիտակից խուսափելն ամենամեծ սխալն է»:

Նա համոզմունք հայտնեց, որ միջազգային դիտորդները միշտ նախաձեռնողի կամքին են ընդառաջ գնում. «Ալիեւը հիմա Հիտլերի դերն է ստանձնել, նրա ագրեսիան թուլացնելու համար դիտորդները միշտ իրենց են ընդառաջ գնում, մենք պետք է ապրիլյան էսկալացիայի նման նախահարձակ լինենք, բայց մեր այսօրվա բանակի մտածելակերպով չենք կարող: Եթե առաջ ադրբեջանական բանակը քանակով էր ավել, հիմա զինվորական որակական կողմով է ավել: Պետք է մեր որակական կողմը բարձրացնենք: «Ազգ-բանակ» գաղափարը պետք է անընդհատ հնչի, երեխան պիտի զինվոր լինի: Հայաստանից գնալը փրկություն չէ, քանի որ թուրքերը հայությունն են ընկալում որպես թշնամի, ոչ թե Հայաստանը»,- ասաց Վարդանովը:

Նա ավելացրեց, որ հաղթանակի հասնելու համար պետք է հեռահար նպատակներ դնել մեր առաջ. «Քանի Բաքուն չենք գրավել, խաղաղ սահման լինել չի կարող, դա ճակատ է, սահման չէ»: