Այն բոլոր խնդիրները, որ դրվել էին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն այցից առաջ, իրականություն են դարձել։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վերլուծաբան եւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Մոսկվա կատարած այցով Հայաստանը փորձում էր ներդրումների ներգրավման խնդիր լուծել, այն մեսիջը հասցնել, որ Հայաստանում նոր իրավիճակ են փորձում ստեղծել, տնտեսական նոր մթնոլորտ են փորձում ստեղծել ներդրումների համար, այդ թվում նաեւ էլիտայում որոշակի փոփոխություններ են լինելու։ Ես կարծում եմ՝ սա էր գլխավոր մեսիջը, որ փորձում էին հասցնել Մոսկվային, կարծես թե այս առումով երկկողմ համաձայնության եկել են»,- ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով՝  Մոսկվա այցն անախադեպ էր նրանով, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին դեպքն էր, երբ Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է ՌԴ։ Այս այցը պարունակում էր քաղաքական ու տնտեսական բաղադրիչ եւ տնտեսական առումով լուծել է չորս հիմնական խնդիր։

«Առաջինը կնշեի հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծումը, որն, առաջին հայացքից, թվում է, թե հերթական օդում կախված գաղափարն է, բայց հաշվի առնելով, որ դա պետական երաշխիքով ստեղծված համաձայնագիր է լինելու, նշանակում է, որ ինչ-որ երաշխիքներ կան: Երկրորդը հայ գործարարների հայտարարությունն էր, որում քաղաքական մեսիջներ նույնպես կային, երբ ասում էին, որ Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին հավատալով են գործարարները համաձայնում ներդրումային ծրագրերին մասնակցել։ Երրորդ կարեւոր բանը Սամվել Կարապետյանի փաստացի հայտարարությունն էր, որ խոշոր ներդրումներ է անելու Հայաստանում, մասնավորապես՝ Լոռու մարզում։ Չորրորդը  ներքին անձնագրերով փոխադարձ այցերի թույլտվության շուրջ համաձայնագիրն է, որը, հաշվի առնելով Հայաստանի գրավչությունը ռուսաստանցիների համար, կխթանի տուրիզմը եւ առաջին հերթին Հայաստանին կարող է օգուտ բերել»,- ներկայացրեց Վիգեն Հակոբյանը։