Եթե կառավարությունը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ ավիաընկերություն ստեղծելու քայլին, հաստատ կգտնվի համագործակցությանը պատրաստ հայկական ընկերություն: Հունվարի 26-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ ռուսական կողմի հետ քննարկվել է «Սուխոյ սուպերջետ» ընկերության հետ համատեղ ավիաընկերություն ստեղծելու հարցը:

Հարցին՝ հայկական կողմում կա՞ ընկերություն, որը պատրաստ է համագործակցել «Սուխոյ սուպերջետի» հետ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե կառավարությունը դրան պատրաստ է, հաստատ ընկերություն էլ կգտնվի»:

Հիշեցնենք, որ SSJ 100 օդանավերի հիմքով նոր ավիաընկերության ստեղծման հարցը քննարկվել է Մոսկվայում Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ու Ռուսաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հանդիպման ընթացքում: