Անթույլատրելի է, որ պետությունը որոշակի արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ է հատկացնում գյուղացիներին, սակայն դրանք գյուղացուն չեն ասնում: Այսօր` նոյեմբերի 4-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Երկու տարի է մենք խոսում ենք այն մասին, որ վարկային ռեսուրսները պետք է լինեն հասանելի սահմանամերձ շրջաններում։ Ավելին, մենք ծրագիր ենք հաստատել ձեզ հետ միասին, եւ միջոցներ ենք հատկացրել, որպեսզի սահմանամերձ շրջաններում տրվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվեն պետության կողմից, այսինքն` մեր գյուղացիները հնարավորություն ունենան ստանալ անտոկոս վարկեր եւ երկու տարի է` այդ գործառույթն իրականացվում է լրջագույն բացթողումներով»,- ասել է նա, հավելելով, որ գյուղացիները լուրջ դժգոհություններ ունեն այդ գործընթացից եւ որ այդ գործառույթներն իրականացնող սուբյեկտներն իրենց գործառույթները պատշաճ ձեւով չեն կատարել։

Վարչապետը հանձնարարեց Ֆինանսների նախարարին 10 օրվա ընթացքում ներկայացնել կառավարությանը համապատասխան որոշում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու եւ կադրային լուծումներ տալու համար։