ՀՀ պետական սահմանն անցած տարվա օգոստոսին հատած եւ Նախիջեւանի տարածքում հայտնված Հենրիկ Աղեկյանն ուղարկվեց հարկադիր բուժման: Նման որոշում է կայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը:
Դատարանը հաստատված է համարել, որ Հենրիկ Աղեկյանը հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի եւ որոշել է, որ նա պետք է բուժումը շարունակի հոգեբուժարանում:
Ըստ մեղադրական եզրակացության` Աղեկյանը 2016թ. օգոտսոսի 5-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ պայմաններում Արարատի մարզի Այգեպատ գյուղում գտնվող իր տնից դուրս է եկել, առանց համապատասխան փաստաթղթերի և առանց համապատասխան թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել է Նախիջևանի տարածք: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` aռանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նշենք, որ երբ հայտնի դարձավ, որ Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանը, խոսակցություններ կային, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ նախկինում հաճախ է տնից անհետացել:



























