ԱԻՆ-ի կողմից քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ կառուցվել են հենակետեր, ապաստարաններ եւ թաքստոցներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀԿԽԸ աղետների կառավարման բաժնի պետ պարոն Էդմոն Ազարյանը, ԿԽՄԿ տնտեսական անվտանգության հարցերի համակարգող պարոն Քրիստոֆեր Հերբին եւ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ տիկին Գաբրիել Շմիդտը: Հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակներում հումանիտար օգնության համատեղ պլանի մշակման հարցերի, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզի գյուղերի բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ծրագրի քննարկումը:
Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը նշեց, որ ԱԻՆ-ը Կարմիր խաչի հետ համագործակցության մեծ փորձ ունի, որը տարեց տարի խորացել է՝ դեռ 2012թ.-ին կառույցների միջեւ համատեղ հուշագիր է ստորագրվել:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է նույն կերպով շարունակել սերտ համագործակցությունը Կարմիր Խաչի միջազգային եւ հայաստանյան ներկայացուցչության հետ, ինչպես նաեւ՝ հնարավորության դեպքում ընդլայնել համատեղ իրականացվող աշխատանքի ծավալները»,-նշեց Հ. Մխիթարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար Կ. Դույեզին Հ. Մխիթարյանին ներկայացրեց տեխնածին եւ բնական աղետների, ինչպես նաեւ՝ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու պլանի մշակման ծրագրերը՝ խնդրելով, որ դրանց վրա աշխատանքներ իրականացվեն ԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանքային խմբում: Քննարկվեց նաեւ սահմանամերձ գյուղերում «ապահով սենյակների», թաքստոցների եւ ապաստարանների կառուցման ու վերանորոգման հարցը:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը նշեց, որ ԱԻՆ-ի կողմից քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ կառուցվել են հենակետեր, որտեղ հերթապահում են նախարարության քաղպաշտպանության ստորաբաժանումները, ինչպես նաեւ՝ կառուցվել են ապաստարաններ եւ թաքստոցներ:
Կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ աշխատել տեխնածին եւ բնական աղետների, ինչպես նաեւ՝ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու պլանի մշակման եւ սահմանամերձ գյուղերում «անվտանգ սենյակների» կառուցման շուրջ: ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանի հանձնարարությամբ՝ Կարմիր խաչի հետ համատեղ աշխատանքային խմբի անդամներ նշանակվեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը եւ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Հանդիպման ավարտին կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռքբերվեց նոր հուշագրի մշակման եւ ստորագրման վերաբերյալ, որում արդեն ներառված կլինեն նաեւ վերոնշյալ հարցերը:



























