Ադրբեջանը նպատակ է դրել արգելափակել եւ սահմանափակել ցանկացած միջազգային կազմակերպության գործունեություն, որոնք խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմաքաղաքական վերահսկողություն հաստատելու նրա ռազմավարությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության արգելափակմանն ուղղված գործողությունները։
Նրա խոսքով՝ այդ պատճառով նա ուժերը կենտրոնացնում է ԵԱՀԿ-ի եւ Մինսկի Խմբի վրա։ «ԵԽԽՎ-ն, ադրբեջանամետ լոբբի շնորհիվ, դեռեւս նման հարձակումների չի ենթարկվում։ Հիմա ակնհայտ նկատվում է Հայաստանի դիմակայությանն ողղված որոշ ուղղություններով Բաքվի քաղաքականության ակտիվացում եւ անկայուն միջազգային հարաբերությունների ֆոնին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դիրքերն ուժեղացնելու փորձեր։ Թեպետ այն, ինչի վրա Բաքուն խաղադրույքներ է կատարում, դժվար է կարգավորում անվանել»,- ասել է քաղաքագետը։




























