Ամուսիններն ու նրանց 12-ամյա դուստրը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում մահացել են իրենց սեփական տանը, երբ նրանց վրա հարյուրավոր կիլոգրամներով հագուստ է թափվել։
La Vanguardia թերթի փոխանցմամբ այդ ընտանիքի անդամները տառապում էին Դիոգենեսի համախտանիշով՝ հոգեկան խանգարում, որին բնորոշ են հին իրեր կուտակելը , սեփական անձի հանդեպ անտարբերությունը, սոցիալական մեկուսացումն ու ապատիան։
Գիշերը ամուսինների վրա են ընկել մինչեւ առաստաղ հագուստով լցված դարակները։
Մահացածներին միայն հաջորդ օրը ցերեկն է գտել նրանց ավագ դուստրը։ 18-ամյա աղջիկը ամբողջ գիշեր համացանցում է անցկացրել ու արթնացել է ցերեկը ժամը երկուսին, իսկ երբ փորձել է դուրս գալ սենյակից, նկատել է, որ դուռը չի բացվում։ Նա դժվարությամբ է կարողացել մտնել հարեւան սենյակ։ Սկսել է բացել շորակույտը ու նկատել է քրոջ ձեռքը։ Աղջիկը զանգահարել է հորեղբորը , որը ոստիկանություն է կանչել։ Հարեւանները ասել են, որ գիշերը ոչ մի աղմուկ չեն լսել։
Ամուսինները , որոնք 49 ու 50 տարեկան էին, Մարոկկոյից էին, բայց Իսպանիայի քաղաքացիներ։ Լրատվամիջոցների տվյալներով կուտակված հագուստը նրանք պարբերաբար վաճառել են։




























