Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը դեկտեմբերի 12-ին մահացած ծնված երեխայի հարազատները հուսով են, որ քննությամբ ամեն ինչ կպարզվի եւ երեխայի մահվան պատճառ դարձած բժշկուհին պատասխանատվության կենթարկվի: NEWS.am-ի հետ զրույցում ծննդկանի սկեսրայրը՝ Գեղամը, նշեց, որ այս պահին սպասում են երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննության պատասխաններին, որից հետո կձեռնարկեն համապատասխան քայլերը:
«Բժշկուհի Զեմֆիրայի դեմ բողոք ենք ներկայացրել, այս պահին սպասում ենք դիակի դատաբժշկական փորձաքննության պատասխաններին: Այս պահին դեռ նորություններ չունենք, միակ լավ բանն այն է, որ հարսս առողջանում է, իրեն համեմատաբար լավ է զգում»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բժշկական կենտրոնից առգրավվել են ծննդկանի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ նորածնի մահվան պատճառը պարզելու համար:
2016 թվականի դեկտեմբերի 12-ին Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, դստերը տեղափոխել է Արտաշատ քաղաքի ծննդատուն՝ ծննդաբերելու, սակայն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պատշաճ կարգով չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, որի հետևանքով նույն օրը՝ ժամը 22-ի սահմաններում, նորածինը բաժանմունքի ծննդաբերական սենյակում մահացել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտաշատի ծննդատանն այսօր մահացած երեխա է ծնվել:



























