Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 30-ին, հարցաքննվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Գեւորգ Վարդանյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հայկազ Բարսեղյանի հայրիկից` Արկադի Բարսեղյանից:

 Կուրսանտի սպանության գիշերը Գեւորգ Վարդանյանը եղել է նույն սենյակում` Հայկազ Բարսեղյանի մահճակալից  մի քանի մետր հեռավորության վրա եւ տեսել` ինչպես են գործով 4 ամբաստանյալները ծեծի ենթարկում Հայկազ Բարսեղյանին, սակայն, վախեցել է եւ չի միջամտել:

«Ես արթուն էի ու տեսա` ինչպես են Գնելն ու Նորիկը նրա մահաճակալի մոտ կանգնած հարվածում նրա կրծքավանդակին, իսկ Վաչեն եւ Մովսեսը կանգնած նայում էին: Վախից ձեւացրի, թե քնած եմ, ոչ մի բան չեմ տեսել, չմտածեցի, որ նրան սպանում են: Հետո նրա թեւերն ընկած տարան սենյակից»,-պատմել է վկան:

Գեւորգ Վարդանյանի խոսքով, առավոտյան արթնանալուց հետո Հայկազ Բարսեղյանին անկողնում չեն հայտնաբերել, նրան գտնելու հրաման են ստացել եւ քիչ անց կուրսանտին հայտնաբերել են կախված վիճակում:

Բացի այդ, վկան տեսել է այն նամակը, որն իբր Հայկազ Բարսեղյանն է ինքնասպանություն գործելուց առաջ գրել. վկայի խոսքով, ձեռագիրը Հայկազինը չի եղել:

 Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: