Նախկինում երկու անգամ դատապարտված, Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Նշան Գեւորգյանը, որին Իսայանները մեղադրում են իրենց նորածնի մահվան մեջ, արդեն 2-րդ օրն է` աշխատանքի չի ներկայանում: Այս մասին NEWS.am-ին ասաց Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Անահիտ Հայրապետյանը:
«Բջջային հեռախոսն անհասանելի է, չենք կարողանում հետը կապ հաստատել»,- ասաց Անահիտ Հայրապետյանը:
Թե ինչու է նախկինում երկու անգամ դատապարտված բժիշկը կրկին վերականգնվել, Անահիտ Հայրապետյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Նա արդարացվել է դատարանով, թե չէ գլխներիցս հո ձեռք չէինք քաշել»:
Դիտարկմանը, թե Նշան Գեւորգյանը ոչ թե արդարացվել է, այլ համաներմամբ ազատ արձակվել, փոխտնօրենն արձագանքեց, թե ինքն այդ մասին տեղյակ չէ:
Նշենք, որ օրենքով այս հարցը չի կարգավորվում, այն կարելի է ասել մնում է հիվանդանոցի տնօրինության «խղճին»` ազատել դատապարտված բժշկին աշխատանքից, թե ոչ: Ի դեպ, մարզպետարանից նույնպես մեզ հայտնեցին, որ բժիշկներին ազատել- չազատելու հետ կապված բոլոր հարցերով տնօրինությունն է զբաղվում:
Նշենք, որ Նշան Գեւորգյանը մի քանի տարի առաջ նախկինում դատապարտվել էր հիվանդների մահվան համար: Պարզվում է, որ տարիներ առաջ, երբ Նշան Գեւորգյանը դեռեւս բժշկական կենտրոնի տնօրենն էր, նրան մեղադրանք էր առաջադրվել 3 հիվանդի մահվան համար: Ըստ մեղադրական եզրակացության` 2010թ. հուլիսի 17-ին ժամը 22:00-ի սահմաններում, իմանալով նույն օրը ժամը 17:05-ին Արմավիր ԲԿ ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննեսի առողջական վիճակի վատացման մասին, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ եւ ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսիով, ինչի հետեւանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երեխան մահացել է: Բացի դրանից, Գեւորգյանը «Շտապօգնության» ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, ինչի հետեւանքով նույն տարվա դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հերթապահ բրիգադան բենզին չունենալու պատճառաբանությամբ չի այցելել հիվանդին, ինչի հետեւանքով հիվանդը մահացել է: Մեկ այլ մեղադրանքով Նշան Գեւորգյանը չի ապահովել հիվանդանոցը մանկական լարինգոսկոպով եւ մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, ինչի հետեւանքով 2011թ. հունվարի 1-ին հիվանդանոց ընդունված փոքրիկը պատշաճ բուժօգնություն չի ստացել եւ մահացել է:
Երեք հիվանդի մահվան գործը քննվել է մեկ վարույթով: Դատարանը մեղավոր է ճանաչել բժշկին եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» ՀՀ ԱԺ-ի 2013թ. հոկտեմբերի 03-ի որոշման 2-րդ կետի 2) ենթակետի պահանջը` դատարանն ազատել է Նշան Գեւորգյանին պատժի կրումից:
Նշան Գեւորգյանն ավելի ուշ կրկին հայտնվել է դատարանում: Այս անգամ, ըստ մեղադրական եզրակացության, արդեն մանկաբարձա- գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գեւորգյանը 2014թ. փետրվարին կեսարյան հատում կատարելու համար հղի Ալինա Գեւորգյանի սկեսուրից որպես կաշառք պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով` հրաժարվել է հղիին բուժօգնություն ցուցաբերելուց: Դատարանը Գեւորգյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, սակայն կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Արմավիրի բժշկական կենտրոնում 19-ամյա կինը լույս աշխարհ էր բերել առաջնեկին, որը երեք օր անց մահացել էր մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Ըստ Արմավիրի ԲԿ-ի ծննդատան մանկաբույժների` Նշան Գեւորգյանը ծննդաբերության ժամանակ կիրառել է աքցան, ինչի հետեւանքով փոքրիկը ստացել էր արյան զեղում եւ մահացել:


























