ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համբուրգյան հայտարարությունը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանի եւ միջազգային միջնորդների մոտեցումները համահունչ են: Այս մասին նշված է ՀՀ Արտաքին գործերի նախարարության 2016 թ. հաշվետվության մեջ:

Հավետվության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2016թ. Հայաստանը շարունակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանն, ընդդիմանալով համանախագահ երկրների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկներին, ինչպես նախկինում, փորձեր էր կատարում խաթարել բանակցային գործընթացը՝ ամիսներ շարունակ հրաժարվելով հանդիպել անգամ Մինսկի խմբի համանախագահների հետ, ձգտելով հիմնահարցի քննարկումները տեղափոխել միջազգային այլ հարթակներ:

Հունվարի 22-ին եռանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ վերահաստատեցին, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է հիմնահարցի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ համաձայնեցված ձեւաչափը եւ կոչ արեցին ձեռնպահ մնալ խաղաղության գործընթացը վտանգող քայլերից: Ապրիլի սկզբին Բաքուն Արցախի դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, որի հետեւանքով բազմաթիվ զոհեր եղան։ ՀՀ արտգործնախարարությունը եւ արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները ծավալուն աշխատանք իրականացրին՝ միջազգային հանրությանը ներկայացնելու ադրբեջանական ագրեսիան ու դրա ընթացքում Բաքվի կողմից միջազգային պարտավորությունների եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարումները։

Ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն` դադարեցնելու ռազմական գործողությունները եւ վերականգնելու հրադադարը՝ համաձայն 1994թ. զինադադարի հաստատման մասին եռակողմ համաձայնագրի: 5 Ապրիլին ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում Ադրբեջանը տարածեց պաշտոնական նամակներ՝ փորձելով հարցականի տակ դնել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի համաձայնագրի վավերականությունը։ Հայաստանի ջանքերի շնորհիվ համանախագահ երկրները ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում հայտագրեր շրջանառեցին, որոնցում շեշտվում էր, որ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերն անժամկետ են, շարունակում են մնալ ուժի մեջ, եւ կողմերը պետք է խստորեն հարգեն դրանք:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սկզբունքային այս դիրքորոշումը վերահաստատվեց նաեւ մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի եւ դեկտեմբերի 8-ի Համբուրգի ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում արված հայտարարություններում։ Բանակցային գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Վիեննայում, եւ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայացան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները։ Վիեննայի գագաթաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների մակարդակով, իսկ Սանկտ- Պետերբուրգում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարություններում վերահաստատվեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, ամրագրվեցին պայմանավորվածությունները՝ շփման գծում ներդնելու միջադեպերի հետաքննության մեխանիզմ եւ ընդլայնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները:

Այդ համաձայնություններն Ադրբեջանի քաղաքականության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել։ Մայիսի 17-ին ղարաբաղյան համակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով ընդգծեց գերմանական նախագահության աջակցությունը հետաքննության մեխանիզմի ստեղծմանը եւ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։ Նա շեշտեց, որ զինադադարի ամրապնդումն առաջնահերթ կարեւորություն ունի բանակցությունների վերսկսման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Համբուրգում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Նույն օրը ԵԱՀԿ ԱԳ նախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտաքին գործերի նախարարները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հանդես եկան հատուկ հայտարարությամբ։ Խստորեն դատապարտեցին ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում կատարված վայրագությունները՝ ընդգծելով, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Նրանք կոչ արեցին հարգել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները՝ պահանջելով ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ եւ ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները։

Համանախագահ երկրները հատուկ շեշտեցին, որ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծումը պետք է հիմնված լինի միջազային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա, ինչպես նաեւ այն տարրերի վրա, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից իրենց հինգ հայտնի հայտարարություններում որպես մեկ ամբողջություն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համբուրգյան հայտարարությունը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանի եւ միջազգային միջնորդների մոտեցումները համահունչ են։ Դեկտեմբերի 29-ին, խախտելով Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին իր կողմից ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանը դիվերսիոն ներխուժման նոր փորձ ձեռնարկեց Հայաստանի պետական սահմանին: