Իջեւանի ՃՇՇ ՓԲԸ- ի գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաեւ այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը համապատասխան ճանապարհային նշաններով չնշելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության, Սարգսյանը, ունենալով շինարարական աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների ապահովման պարտականություն, խախտել է ՀՀ Ճանապարհային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները: Նա ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաեւ այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը չի նշել համապատասխան ճանապարհային նշաններով, ինչի հետեւանքով 2015թ օգոստոսի 4-ին Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոպանապարհի վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ 12-րդ կմ հատվածը համապատասխան կահավորում չի ստացել: Նույն օրը ժամը 14:15-ի սահմաններում նշնած հատվածով երթեւեկող Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գնել Խաչիկյանը, ՃԵԿ-ի կանոններին հակասող գործողություններ չկատարելով եւ համապատասխան կահավորման բացակայության պատճառով ժամանակին չնկատելով վերոնշյալ ընկերության աշխատակից Կառլեն Ղարայանին, վրաերթի է ենթարկել նրան եւ վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին սպառնացող ծանր վնաս:

Իջեւանի Ճանշինի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: