Միջհամայնքային տրանսպորտային փոխադրումների խնդիրը վարչապետի անմիջական հսկողության ներքո է, եւ նախարարությունն էլ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում առկա իրավիճակը բարեփոխելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, Գյումրիի ավտոկայարան այցելության ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շրջեց ավտոկայարանի տարածքով, ծանոթացավ պայմաններին, տոմսարկղի ու բուժկետի աշխատանքին։ Նախարարի այցը Գյումրիի ավտոկայարան պայմանավորված էր այնտեղ կուտակված խնդիրները տեղում քննարկելու եւ լուծումներ գտնելու մտահոգությամբ։

«Շիրակի մարզը սոցիալապես ամենաանապահով մարզերից է, ավտոկայարանն էլ անմասն չէ մի շարք խնդիրներից: Պատգամավորի հետ բազմիցս քննարկել ենք ավտոկայարանի վիճակը»,- նշեց նախարարը:

Առաջին խորհրդակցությունն անցկացվեց ներմարզային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը առաջարկեց ներկայացնել իրենց խնդիրներն ու մտահոգությունները:

Ուղեւորահոսքի պակաս եւ անբարեկարգ համայնքային ճանապարհներ։ Սրանք հիմնական խնդիրներն են: «Ուղեւորները գերադասում են մեկ ուղետոմսի արժեքով աշխատող տաքսիները, քանի որ կանոնավոր փոխադրում իրականացնող միկրոավտոբուսները երթուղուց շեղվել չեն կարող, իսկ տաքսիները ամեն մեկին մինչեւ տուն են հասցնում»,- իրավիճակը ներկայացրեց փոխադրող ընկերություններից մեկի ղեկավար Ռուդիկ Բաղդասարյանը:

Նախարարը Տրանսպորտային տեսչությանը հանձնարարեց փոխադրողների հետ քննարկել հարցի մանրամասները եւ համատեղ առաջարկություններ ներկայացնել, թե ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար:

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հավելեց, որ երթուղիները սպասարկող մեքենաները շատ հին են. «Այս պայմաններում անիրականանալի մի բան է նոր մեքենաներ գնել եւ ներդնել ներհամայնքային երթուղիներում»:

Համայնքային անբարեկարգ ճանապարհներն առանց այդ էլ մաշված մեքենաների տեխնիկական վիճակն էլ ավելի են վատթարացնում: Նախարարը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել նաեւ այդ հարցը:

Այնուհետեւ Վահան Մարտիրոսյանը հանդիպեց ավտոկայարանի աշխատակազմին։ Բոլորն էլ գրեթե երկու տասնամյակ աշխատափորձ ունեն եւ մշտապես նվազագույն աշխատավարձ են ստացել։ Նրանք նախարարին խնդրեցին միջնորդել բարձրացնել աշխատավարձերը:

Վահան Մարտիրոսյանը խոստացավ քննարկել հարցը եւ հնարավորության դեպքում վերանայել:

Գյումրին` որպես արհեստների եւ արվեստների կենտրոն, դարձնել զբոսաշրջային ուղղություն. կառավարության գերակայություններից է, իսկ հարմարավետ տրանսպորտային համակարգը դրա բաղկացուցիչներից: Նախարարը վստահեցրեց, որ քննարկումներն անհետեւանք չեն մնա, եւ հնարավորության սահմանում հետամուտ կլինի բարձրացված հարցերի լուծմանը: