Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շրջանակներում Կարմիր գրքում ընդգրկված Մատնունի ծիրանավոր բուսատեսակի այդ տարածքից տեղափոխումը չի հակասում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում նշել է Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը:

Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հասարակական խորհրդի անդամ, «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է լուսանկարներ, որոնք փաստում են, որ հանքավայրի տարածքից տեղափոխված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը հարմարվել է նոր միջավայրում: Վերջինս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է մինչեւ Ամուլսարի նախագծի վերաբերյալ հրապարակային դիտարկումներ անելը` մասնագիտական քննարկումներ կազմակերպել «Լիդիան Արմենիա» ընկերության գրասենյակում` բնապահպան-մասնագետների մասնակցությամբ:

 Խորհրդի նախագահ, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` նկատելով, որ Ամուլսարի նախագծային եւ ՇՄԱԳ փաստաթղթերը եւ ուսումնասիրությունները ծավալուն են /մոտ 8000 էջ/, անհարժեշտ է համարել այն հանրությանն իրազեկելը, իսկ դրանց հիմնավոր ուսումնասիրությունը մասնագետներին հնարավորություն կտա ավելի փաստարկված հանդես գալ: Առաջարկն ընդունվել է նաեւ հասարակական կազմակերպությունների անդամների կողմից: