Ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի ընտանիքի անդամները, որոնք նրան բերման ենթարկելիս ներկա են եղել, պնդում են, որ Միքայելյանի մոտ զենք կամ զենքին նման իր չի եղել:
Այսօր` փետրվարի 2-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Միքայելյանի քույրը` Սոնա Միքայելյանը, պատմեց, որ եղբորը բերման ենթարկելիս` նրա վերնաշապիկը վերեւ էր բարձրացել, մեջքն ամբողջությամբ երեւում էր եւ գոտկատեղում ոչինչ չկար, ինչպես որ պնդում է նախաքննական մարմինն է պնդում: Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Միքայելյանի մոտ խուզարկությամբ գոտկատեղում հայտնաբերվել է զենք:
«Գիշերն ակցիայից հետո վերադառնում էինք տուն, մտել ենք մեր բակ, հենց դալանի մոտ երկու մեքենա մոտեցան, մեկը գնաց խորքում կանգնեց, իսկ մյուս մեքենան մեր դիմացը կտրեց: Երկու մեքենաներից էլ մոտ 8-10 մարդ իջավ, Արմենին 3-4 հոգով բռնեցին ու ստիպողաբար մտցրին մեքենան, մեկը պապայիս էր բռնել, որ ոչ մի բան չանի, մյուսներն էլ ինձ ու հարսիս էին հսկում: Արմենին զոռով մտցրին մեքենան` առանց մեզ որեւէ բան ասելու, միայն մի տղա ասաց` մի անհանգստացեք, տանում ենք Կենտրոնի բաժին, մի ժամից ձեզ կզանգենք, մեկ ուրիշը եկավ ու չթողեց, որ մեզ հետ այլեւս խոսի ու արագ գնացին: Արմենը ջինսերով էր, բոթասով ու վերնաշապիկով, որն էլ տաբատի վրա էր ընկած: Արմենի մոտ ոչինչ չի եղել, եթե մի բան լիներ, կերեւար հաստատ, որովհետեւ այնքան էր նիհարել, որ շալվարն ընկնում էր վրայից, չէր կարող մոտը մի բան լինել, եթե բան լիներ, կնկատեինք, անընդհատ հետն էինք: Երբ Արմենին մեքենան էին նստեցնում, վերնաշապիկը վերեւ էր բարձրացված, մարմինը երեւում էր, ամբողջ մեջքը բաց էր, մոտը բան չէր եղել, եթե լիներ, կնկատեինք»,- դատարանում ցուցմունք տվեց Սոնա Միքայելյանը:
Հաջորդը դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալի կինը` Լիանա Եդիգարյանը: Նա դատարանում նույնպես պատմեց, որ ամուսնուն բերման են ենթարկել ուժի կիրառմամբ, «զոռով- քաշելով», նւոյնիսկ հագուստն էին համարյա հանել. «Հագուստը բարձրացրել էին վերեւ ու այնտեղ ատրճանակ չկար, եթե լիներ, հաստատ նկատած կլինեի»:
Լիանա Եդիգարյանը պատմեց, որ ինքն ամուսնուն քաշքշողներին չի ճանաչում, մինչեւ վերջ էլ չեն հասկացել, թե ովքեր են եղել այդ անձինք:
Ամբաստանյալի պաշտպան Երվանդ Վարոսյանի հարցին` արդյոք Միքայելյանի մոտ կոնկրետ ատրճանակ կամ ատրճանակին նման իր նկատել է, Լիանա Եդիգարյանը բացասական պատասխան տվեց. «Նրա մոտ նման բան չի եղել, եթե լիներ, հաստատ կնկատեի, որովհետեւ բարակ ամառային վերնաշապիկով էր եւ եթե բան լիներ, կերեւար հաստատ»:
Արմեն Միքայելյանի հայրը` Ռաֆայել Միքայելյանը, դատարանում նույնպես վստահեցրեց, որ որդու մոտ ոչինչ չի եղել. «Եթե լիներ, հաստատ նկատած կլինեինք, ժամը 7-ից իր հետ եմ եղել»:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 16-ին:
Նշենք, որ Արմեն Միքայելյանի ընտանիքի անդամները հարցաքննվեցին ամբաստանյալի պաշտանների միջնորդությամբ: Հետաքրքրական է, որ գործում նրանք ներգրավված չեն որպես վկաներ եւ երբեք ցուցմունք չէին տվել, թեեւ բերման ենթարկելու ժամանակ Միքայելյանի հետ են եղել:
Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր 2016թ. հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):
20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:
.jpg)


























