Ոստիկանությունը Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի երկու ուսանողի է ձերբակալել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սատարող ուսանողի ծեծի ենթարկելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդները դուրս են թռել մեքենայից եւ հարձակվել 21-ամյա Ջեք Պալկովիչի վրա, որը Դոնալդ Թրամփի կարգախոսով կարմիր գլխարկով դասի է շտապել:

Երիտասարդին հաջողվել է փախչել, իսկ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողներին:

Բազմաթիվ ուսանողներ դատապարտել են Պալկովիչի վրա հարձակումը: Նրանցից շատերը խոստովանել են, որ չեն սատարում Թրամփին, սակայն նշել են, որ համալսարանը միշտ ճանաչված է եղել հանդուրժողականությամբ եւ խոսքի ազատությամբ:

Պալկովիչը Հանրապետական կուսակցության կողմնակիցների համալսարանական ակումբի անդամ է եւ օգնել է կազմակերպել Breitbart News կայքի խմբագիր Միլո Յանուպուլոսի սկանդալային ելույթը, որն ուսանողների ցույցերի եւ անկարգությունների պատճառ է դարձել:

Դասախոսությունը չեղարկվել է, իսկ Դոնալդ Թրամփը Twitter-ում հարցադրում է արել, արդյո՞ք արժե շարունակել համալսարանի ֆինանսավորումը, եթե այնտեղ չի հարգվում խոսքի ազատության սկզբունքը: