Եվրոպայի խորհրդի հասցեին մեղադրանք է հնչել, որ այն աչք է փակում կաշառակերության, այդ թվում՝ ընտրակեղծիքների վրա՝ հօգուտ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի։

Հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգտը ԵԽԽՎ առաջնորդներին կոչ է արել «անկախ խմբի կողմից խորը, հանգամանալից հետաքննություն» սկսել, որը կհրապարակի իր եզրակացությունները, հայտնում է The Guaridan–ը։

«Մենք Ադրբեջանում ընտրությունների կասկածելի արդյունքներ ենք տեսնում»,– ասել է Օմցիգտը։

Դիտորդները բազմիցս բարձրացրել են Ադրբեջանում ընտրակեղծիքների եւ մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ ԵԽԽՎ թույլ արձագանքին վերաբերող հարցերը, եւ այդ ամենը հանգեցրել է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի մասնակցությամբ սկանդալին, որը Բաքվից 2.39 մլն եվրո կաշառք էր ստացել։

«Կայունության եվրոպական  նախաձեռնություն» կազմակերպության նախագահ Ջերալդ Կնաուսը նշել է, որ Ադրբեջանում ընտրությունները պետք է հարցեր առաջ բերեին դեռեւս մի քանի տարի առաջ։

Հաղորդվում է, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ի սկզբանե հրաժարվում էր, սակայն ավելի ուշ համաձայնել էր հետաքննություն անցկացնել Ադրբեջանում կոռուպցիոն գործողության կապակցությամբ։

Հոդվածում նաեւ նշվում է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հավատարիմ է կաշառակերության նկատմամբ բացարձակ անհանդուրժողական քաղաքականությանը։