Ցավոք, հայկական կողմերն արդեն ընտելացել են, որ բանակցային յուրաքանչյուր հատվածից առաջ Ադրբեջանը սադրիչ գործողությունների է դիմում: Այս մասին փետրվարի 3-ին՝ մամուլի ասուլիսում ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գոտում ադրբեջանական կողմի վերջին դիվերսիոն ներթափանցման փորձին:
Նրա խոսքով՝ դա արդեն ձեռագիր է: «Եվ պատահական չէ, որ մենք փորձում ենք միջնորդ երկրների ուշադրությունը հրավիրել տարբեր հայտարարություններում հասցեականության բացակայությանը: Ադրբեջանը դա որպես խրախուսում է ընկալում»,- նշեց Բեքարյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե Մյունխենում անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանականերում տեղի կունենա՞ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, պատգամավորն ընդգծեց, որ կարեւորն այն չէ՝ կկայանա հանդիպում, թե ոչ, այլ այն, թե այդ հանդիպումն ինչ կտա: Հնարավոր հանդիպման արդյունքներին Կարեն Բեքարյանը հոռետեսորեն է վերաբերվում: «Վերջին շրջանում Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի ցանկանում կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները: Իսկ դա, այպես կոչված, բանակցային գործընթացի տրամաբանությունից դուրս է: Ինչպե՞ս կարելի է բանակցային սեղանի շուրջ նստել, երբ կրակում եւ սպանում են»,- հարց հնչեցրեց պատգամավորը՝ հավելելով, թե հնարավոր է, որ այս դիվերսիայից հետո նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ինչ-որ կոչեր լինեն, սակայն դրանք հազիվ տե հասցեական լինեն:



























