Ապօրինի կերպով ծառայության չներկայանալու մեղադրանքով 2.5 տարվա ազատազրկման դատապարտված «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ցոլակ Խաչատրյանը, որն արդեն 4-րդ օրն է հացադուլի մեջ է, սպառնում է դիմել ծայրահեղ քայլերի: Այս մասին ասաց NEWS.am-իխմբագրություն զանգահարած նախկին սպան: Նա նշեց, որ, եթե այս ընթացքում իր պահանջները չկատարվեն՝ կդիմի ինքնավնասման:
«Մտածում են՝ ՔԿՀ-ում եմ եւ չեմ կարող պայքարել իմ իրավունքների համար: Սխալվում են, ես ամեն ինչ անելու եմ՝ մինչեւ իմ պահանջները կատարվեն: Կդիմեմ ծայրահեղ քայլերի, անգամ մինչեւ ինքնավնասում: Ես մինչեւ վերջ գնալու եմ, որպեսզի նրանք, որոնք մեղավոր են իմ՝ այստեղ գտնվելու համար, պատժվեն»,-ասաց նա:
Ցոլակ Խաչատրյանը հացադուլով պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ, բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատման իր դիմումը մերժելու դեմ եւ ՔԿՀ-ի ղեկավարության կողմից իմ իրավունքների ոտնահարման` տեղեկատվություն չտրամադրելու, կեղծ տեղեկատվություն տրամադրելու եւ պաշտոնական դիրքի չարաշահելու դեմ:
Նախկին սպան պնդում է, որ իրեն ազատազրկման են դատապարտել` ապօրինի կերպով ծառայության չներկայանալու համար, սակայն, այդ ժամանակ պայմանագիրը, որով պարտավոր է եղել ծառայել ՀՀ զինված ուժերում, օրինական ուժը կորցրած է եղել եւ նա պարտավորություններ չի ունեցել: Ցոլակ Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում է պատժել նրանց, որոնց սխալի պատճառով, իր պնդմամբ` հայտնվել է անազատության մեջ:


























