Հայաստանը պատրաստ է առաջ մղել Եվրոպական միության հետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, խորացնել եւ ամրապնդել այն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
«Մեր համագործակցությունը հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա եւ կարեւոր է մեզ համար: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Եվրոպական միության հետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, խորացնել եւ ամրապնդել այն: Այս առումով կարեւոր են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները», - ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը կարեւորել է COSME եւ «Հորիզոն 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաեւ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելը։ Վարչապետն ողջունել է մեր երկրում ԵՄ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար:
Քրիստիան Դանիելսոնը կարեւորել է Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները՝ նշելով, որ դրանով երկկողմ հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում: «Բարեփոխումներն առաջ տանելը կարեւոր կլինի մեր համագործակցությունը խորացնելու ու հարստացնելու տեսանկյունից, եւ հավակնոտ ռեֆորմների մեջ մենք ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք», - նշել է նա: Պարոն Դանիելսոնն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին՝ նշելով, որ ԵՄ-ն հետաքրքրված է, մասնավորապես, տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ընդլայնման, ենթակառուցվածքների բարելավման եւ պետական կառավարման համակարգի բարեփոխման ուղղություններով գործակցությամբ: Նա նաեւ ողջունել է ՀՀ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը եւ նշել, որ ԵՄ-ն եւս հետաքրքրված է ավիացիայի ոլորտում մեր երկրի հետ գործակցության ընդլայնմամբ:
Վարչապետը, խոսելով կառավարության գործունեության գերակայությունների մասին, առաջնային է համարել պետական կառավարման համակարգի բարեփոխումը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա հաջողություն եւ առաջընթաց արձանագրել մյուս բնագավառներում եւս: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը գործելու է հանրություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով եւ լինելու է այն հարթակը, որտեղ քննարկվելու են տարբեր ոլորտների բարեփոխումները, տնտեսության զարգացման ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել կառավարման, դատաիրավական համակարգերի բարեփոխումների, էլեկտրոնային կառավարության ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, ՏՏ եւ այլ ոլորտների հետագա զարգացման շուրջ, կարեւորել փորձի փոխանակումն ու երկխոսության խորացումը: Քրիստիան Դանիելսոնը ողջունել է ՏՏ բնագավառում մեր երկրի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ Հայաստանն ուժեղ է այս ոլորտում, եւ ՀՀ գիտատեխնիկական ու նորարարական հաջողություները կարող են օրինակ ծառայել Եվրամիության շատ երկրների համար:
Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր հարթակներում ԵՄ հետ փոխգործակցության զարգացման համար:


























