Արարատի մարզում այսօր՝ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան Արարատ- Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած անձանցից երկուսն Արտաշատի հիվանդանոցից տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

NEWS.am-ի թղթակցին Արտաշատի հիվանդանոցի «Շտապօգնության» բաժանմունքի վարիչ Աշոտ Գեւորգյանը հայտնեց, որ նրանք Երեւան են տեղափոխվել, քանի որ ԿՏ հետազոտության անհրաժեշտություն կար:

«Վիճակները ծանր չէ, պարզապես ապահովության համար տեղափոխել ենք Երեւան, որպեսզի հետազոտություններ անցնեն, քանի որ այդ սարքավորումը մենք չունենք»,- ասաց նա:

Նշենք, որ երկու անձ էլ ամբուլատոր բուժօգնություն է ստացել եւ գնացել տուն:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ժամը 07։40-ի սահմաններում Երասխավան-Երեւան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երեւան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։