Ավստրալիայի կաթոլիկ հոգեւորականների մոտ յոթ տոկոսը վերջին 60 տարիներին մասնակցություն է ունեցել մանկապղծությանը , հայտնում է Ավստրալիայի թագավորական հանձնաժողովը, փոխանցում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Հանձնաժողովի իրականացրած հետաքննության տվյալներով, 1980-2015 թթ․ մոտ 4․5 հազար մարդ խոստովանել է, որ եկեղեցականների կողմից այլասերված գործողությունների զոհ է դարձել։

Դեպքերի ամենամեծ քանակությունը գրանցվել է Սուրբ Հովհաննես հոսպիտալների միաբանության ծառայողների շրջանում։ Ըստ զեկույցի՝ միաբանության հոգեւորականների մոտ 40 տոկոսը մանկապիղծ է։

«Երեխաներին ոչ ոք չէր լսում։ Ավելին, նրանց պատժում էին։ Մեղադրանքները չէին հետաքննվում։ Հոգեւորականները ու եկեղեցու մյուս ծառայողները փոխադրվում էին այլ ծխեր, որտեղ նրանց անցյալի մասին ոչինչ չգիտեին»,- պատմել է հանձնաժողովի իրավաբան Գեյլ Ֆերնեսը։

Վեց արքեպիսկոպոսի առաջիկա երեք շաբաթներին կանչելու են հանձնաժողով, որպեսզի նրանք բացատրություն տան հոգեւորականների այդ վարքագծին, որը տասնամյակներ է շարունակվել։

«Այս երեք շաբաթվա ընթացքում անխուսափելիորեն կլինեն շատ ծանր ու նույնիսկ ցնցող  բացահայտումներ։ Բայց սա նաեւ հնարավորություն է պատմել այն մասին, ինչ է արվել, արվում ու արվելու՝ ապագան ավելի լավ ը դարձնելու համար»,- հայտնել է Բրիզբենի արքեպիսկոպոս Մարկ Կոլրիջը։

Ակնկալվում է, որ հանձնաժողովն իր հետաքննության արդյունքները կհրապարակի 2017-ի վերջին։