2017 թվականին Վերահսկիչ պալատը կստուգի Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքը: Այս մասին փետրվարի 6-ին՝ խորհրդարանում ասաց Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը:

2017-ի ստուգումների ծրագիրը կազմելիս պալատը հաշվի է առել, թե անցյալ տարի որ հաստատությունների գործունեությունն է ավելի քիչ ստուգվել, եւ թե դրանցից որոնք են հասարակությանն ավելի շատ անհանգստացնում:

Բացի ԴԱՀԿ ծառայությունից, կստուգվեն կառավարությանն առընթեր Պետունեցվածքի կառավարման կոմիտեն, ազգային երկու պարկ՝ «Սեւանը» եւ «Դիլիջանը», նաեւ օրթոպեդիկ եւ լսողական պրոթեզների, հաշմասայլակների բաշխման ծրագրերը: Կստուգվեն նաեւ Պետեկամուտների կոմիտեի մի շարք ծրագրեր, այդ թվում հարկահավաքության ընթացքը: ՎՊ-ն կստուգի արտասահմանյան միջոցներով իրականացվող մի քանի ծրագրեր՝ Տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքը եւ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի կատարումը: