Մարդու համար, ով ամբողջ մանկությունը պարզապես տարված էր չինական մարտարվեստներով, Չինաստանում, այն էլ Պեկինում հայտնվելը կյանքի կարեւորագույն իրադարձություն է, իրադարձություն, որը վերջապես կսահմանազատի իմ գիտակցության մեջ ստեղծված երեւակայական կարծրատիպերն ու չինական ժամանակակից կյանքի իրողությունները։
Հիշեք ամենակարեւորը՝ չինացիները ծառից ծառ չեն ցատկում, ինչպես դուք չինական ֆիլմերում եք տեսնում:
Դոհայից Պեկին իմ թռիչքը, ուր ես մեկնել էի մարտական արվեստների դպրոցում զանազան հնարքներ ուսումնասիրելու, ինձ հիշեցրեց մեր «Զվարթնոց» օդանավակայանը իննսունականներին, երբ օդանավի վրա հենց թռիչքուղուց տարբեր կողմերից գրոհում էին, իսկ խեղճ ուղեկցորդուհիներն ապարդյուն փորձում էին ուղեւորներին կարգուկանոնի հրավիրել։ Օդանավակայանում մոտ 500 մարդ էր պատրաստվում նստել Պեկին ուղեւորվող օդանավ, եւ արդեն այդ քաոսային, բայց ծայրաստիճան զվարճալի իրավիճակից ինձ հասկանալի դարձավ, որ Չինաստանում ինձ իսկապես ուրախ օրեր են սպասվում։
Պեկինի օդանավակայանում ես գիտակցեցի «ահռելի» կամ «հսկայական», կամ էլ առնվազն «ահագին» բառի նշանակությունը։ Բավականին արագ անցնելով անձնագրային ստուգումը՝ ես դուրս եկա ժամանողներին դիմավորելու գոտի, որտեղ ինձ դիմավորեցին պեկինյան շաոլինյան դպրոցի ներկայացուցիները՝ թարգմանիչներ Էլենը, Վարպետ Վանգը ու Վարպետ Տուն։
Էլեն՝ իմ աչքերը, լեզուն ու ականջները Չինաստանում
Վերոնշյալ մակաբույծները (այս բառը ես գործածում եմ բացառապես որպես սիրո ու հարգանքի դրսեւորում) չնայած ուշ ժամին (գիշերվա ժամը 1։00) եւ իմ ու նրանց ընդհանուր հոգնածությանը՝ որոշեցին հենց այդ ժամին ինձ ծանոթացնել չինական խոհանոցի հետ (ոչ , ոչ մի սարսափելի բան ինձ հետ տեղի չունեցավ, ես դեռ ողջ եմ)։ Պեկինի փողոցներում ամենուրեք կարմիր թղթե լապտերներ են. հիմա այնտեղ տոնում են Նոր տարին, իսկ ահա դպրոցի ճանապարհին բոլոր խորտկարանները փակ էին, սակայն շուտով գտանք մեկը ու աղմկոտ խմբով ներս մտանք՝ մեր քաղցը հագեցնելու։
Ինչ էի ես ուտում՝ գիտեն միայն աստված, իմ ուղեկիցները ու մեկ էլ նրանց երկու միլիարդ հայրենակիցները։
Առաջին թաչդաունը չինական խորտկարանում ինձ դիմավորած չինացիների հետ
Սարսափելի համեղ ու բառերով աննկարագրելի կերակրատեսակներ
( Կե Տա Տանգ ՝ լոլիկ, բանջարեղեն ու հացահատիկ)
( հավ, սունկ, լոլիկ, բրնձի նուդլներ)
Խորտկարանում աշխատողները հաստատությունը փակելուց առաջ իրենք էլ ինչ-որ բան կերան, ինչը հենց կրակի վրա էին պատրաստել։
Առավոտը սկսվեց մոտակա խորտկարան այցելելությունից, որից հետո մենք՝ Էլենն ու ես, համտեսելով մի հսկայական ամանով չինական արիշտա, ուղեւորվեցինք մոտակա սուպերմարկետ։
Խորտկարանում, ի դեպ, ես՝ որպես փորձառու հետախույզ, աննկատ մտա խոհանոց, որտեղ մեզ համար պատրաստում էին այդ նույն արիշտան։
Դրանից բացի որոշեցին մեզ գառան միս մատուցել` չարտաբերվող անուններ ունեցող համեմունքներով (ոչ մի պայթյունավտանգ բան չկա)
Արդյունքը
Գլուխգործոց
Առհասարակ ես համոզմունք ունեմ, որ չինացիներն ու հայերը նույն ազգն են․ որքան էլ կարգուկանոն սովորեցնես, բայց փողոցն անցնում են կարմիր լույսի տակ ու որտեղ պատահի, դե իսկ խորտկարաններում, որտեղ գրված է «Չծխե՛լ» հանգիստ ծխում են
Չինական մանկապարտեզ
Իսկ սա չինական տարրական դպրոց է, գեղեցիկ է, չէ՞
Սուպերմարկետի անվանումը, ուր մենք գնացինք, չեմ հիշում, բայց ահա այդ մեծ խանութի հինգ հարկերը, որտեղ ես հայտնվեցի, ինձ սարսափելիորեն հիշեցրեցին մեր իննսունականների տոնավաճառները։
Սուպերմարկետի շրջակայքի բիզնես շենքերը
Ի դեպ, մինչ ես սուպերմարկետում ուսումնասիրում էի ամեն ինչ ու մտովի յուանները փոխանակում դոլարի, ես հասկացա մի բան՝ այն ժամանակները, երբ համարվում էր, որ Չինաստանում ամեն ինչ սարսափելի էժան է, անցել են նաեւ հենց չինացիների համար։
Մեր այցելած խանութում կարելի էր հանգիստ սակարկել
Ճենապակու հայրենիքը
Իխտիոզավրերի ու դինոզավրերի կամ էլի ինչ-որ «զավրերի» ձվեր, հասկացե՛ք, ինչպես ուզում եք, ես ինքս ցնցված եմ
Սննդամթերքի բաժին ,Նոր տարի։ Նոր տարվան Չինաստանում լուրջ են վերաբերում
Մսի զանազան տեսակներով լցոնված բրնձի գնդիկները ամանորյա պարտադիր կերակրատեսակ է
Այս սափորը ես հաստատ կգողանամ ․․․
Հետդարձի ճանապարհին ես տեսա ահա նման մի բեռնատար։ Գիտե՞ք, ինչ է սա։ Պլաստիկ շշերն են տանում վերամշակման հանձնելու
Փողոցում մարդիկ առանց ավելորդությունների իրենց համար ուտելիք են պատրաստում
Նման Պեկին էլ է լինում․․․
Շարունակելի ․․․
Հայաստանի Կունգֆուի ֆեդերացիայի օրհնյալ ձեռքով Չինաստանում հայտնված Հավերժ Ձեր՝ Մարկո Պոլո




























