Հարավային Կովկասի տարածաշրջանում չափազանց մտահոգիչ է ԱՄՆ նոր վարչակազմի՝ Իրանի հանդեպ նպատակային, խիստ, կոշտ քաղաքականությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, «Նոր անորոշություններ ԵՄ-ի ու եվրոպական անվտանգության համար» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ նշել է «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով, Վաշինգտոնի այս քաղաքականությունը չպետք է խոչընդոտ դառնա ՀՀ իշխանությունների համար հայ-իրանական հարաբերություններում, քանի որ այդ հարաբերություններն ազգային անվտանգության դիվերսիֆիկացիայի լուրջ բաղադրիչ են:
Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանը դիտարկում է Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունու մեջ ընկած հատված, եւ Վաշինգտոնի ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ չի մեծանա:
«Հավանական է, որ Մոսկվան՝ օգտվելով իրավիճակից, վերադարձնի ողջ տարածաշրջանն իր ազդեցության տակ, կարող է սկսել դրա համար օգտագործել թե՛ ԼՂ գործոնը, թե՛ շատ այլ խնդիրներ: Այդ իմաստով, կարծում եմ՝ սպառնալիքներ կան Վրաստանի համար: Այնպես որ, նացիոնալ պոպուլիզմը Եվրոպայում հանգեցնելու է այս արդյունքներին, որոնք չէին կանխատեսվել»,- ընդգծեց վերլուծաբանը:




























