«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ժիրայր Սեֆիլյանի կալանքի պայմանների խստացման վերաբերյալ 2017թ. փետրվարի 7-ի մամուլի հրապարակումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դրանցում նշված տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգայց է կատարվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ:

Ստուգայցի ընթացքում պարզվել է, որ կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանը 2016թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ընդունվելուց եւ նույն օրը բնակելի գոտու համապատասխան խուց տեղափոխվելուց հետո, այլ վայր չի տեղափոխվել եւ այնտեղ է պահվում մինչ օրս:

Ժ. Սեֆիլյանի անձնական գործի ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում վերջինիս նկատմամբ օրենսդրությամբ սահմանված իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվել, մասնավորապես՝ նա կարգապահական տույժի չի ենթարկվել: Դատախազի հարցադրմանը Ժ.Սեֆիլյանը պատասխանել է, որ որեւէ խնդիր կամ բողոք՝ կապված իր պահման պայմանների, այդ թվում՝ ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունների եւ խցի կենցաղային պայմանների հետ, չունի:

Նշված ստուգայցի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն»: