Այս ուղտը բոլորի առջեւ էլ չոքելու է, քանի որ էժանագին զրպարտողներ եւ քայլող տականքներ դեռ մեր իրականությունում կան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցու պատասխանի ժամանակ նշել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով իր անձի հետ կապվող կաթի փոշու գողության պատմությանը:
«Գյումրիում ՏԻՄ ընտրությունների ժամանակ այն զրպարտությունը, ստորությունը իմ անձի նկատմամբ կատարվել է: Ես դիմել էի կառավարության, որպեսզի պարզեն, թե ես որեւէ գործով դատապարտված եղել եմ, թե ոչ: Անձնական տվյալների պաշտպանվածության մասին օրենքով սահմանված կարգի համաձայն, տվյալները միայն տվյալ սուբյեկտը կարող է դիմել, դրա համար ես դիմել եմ ոստիկանությանը, դատախազությանը»,-ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ մինչ օրս էլ շարունակվում է «լկտի սուտը, որոշ հեռուստաընկերություններ զրպարտչական նյութեր են պատրաստում»:
Ի պատասխան Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ անձի դատվածության մասին տվյալը անձնական տվյալ է եւ այն կարող է հասանելի լինել բացառապես այն անձին, ով կարող է այդ տեղեկատվությունը ստանալ եւ դրա համար սահմանված է ընթացակարգ:
Հովհաննես Մարգարյանը կարծիք հայտնեց, որ այն, ինչ տեղի ունեցավ, դաս կլինի բոլորի համար. «Անվանարկում են անբիծ մարդկանց, իրենց մոնտաժված այդ ձեռագիրը, որ իրականացնում են նմանվելով տխրահռչակ տականքներին՝ Հիտլերին եւ Ռամիլ Սաֆարովին, որոնք հնարավորություն չեն տալիս պատասխանելու»:
Նշենք, որ ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հովհաննես Մարգարյանի անունը կապված է բավականին մութ պատմությունների հետ: Դեռ 90-ականն թվականներին նա, իբր, մեղադրվել է Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին հատկացված կաթի փոշի յուրացնելու մեջ: Ըստ լուրերի նա գործարքի մեջ է մտել ոմն Արթուր Մինասյանի հետ, ով Գյումրիում առավել հայտնի է որպես 1991թ.-ին հիմնված Ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական հիմնարկի տնօրեն: Գործարքի արդյունքում Հովհաննես Մարգարյանը հայտնվում է կալանավայրում, սակայն մի քանի ամիս կալանավայրում մնալուց հետո Գյումրիի ներկայիս քաղաքապետի ջանքերով ազատ է արձակվում:




























