ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երեւան-Թբիլիսի ուղեւորատար գնացքի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 8-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Գործարանային» մետրոյի հետնամասում` երկաթգծի 2875 կմ պիկետ 10+20 մետր հատվածում, Ս.Մկրտչյանի վարած Երեւան-Թբիլիսի ուղեւորատար էլեկտրաքարշ BL10-825, թիվ 372 գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի (երկաթուղային տրանսպորտի երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով։
Կատարվել են դեպքի վայրի եւ էլեկտրաքարշի զննություններ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ԱԻՆ-ի հաղորդագրության, փետրվարի 8-ին, ժամը 21:59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքում՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գործարանի մոտակայքում, անձը չպարզված կինը ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երեւան-Թբիլիսի երթուղին սպասարկող թիվ 372 գնացքի տակ:
Պարզվել է, որ ժամը 22:35-ի դրությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի մոտակայքում՝ Գործարանային կայարանի հարեւանությամբ՝ ռելսերի մոտ, հայտնաբերվել է անձը չպարզված կնոջ դի:




























