Փետրվարի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանին, ՄԱԶԾ կայուն աճի ու զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, ինչպես նաեւ՝ ՄԱԿ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի կառույցների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ՝ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Քննարկվեցին թունաքիմիկատների ոչնչացման, Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման, համայնքային մակարդակում սեյսմիկ ռիսկի գնահատման եւ մոդելավորման, ԱՌՆ եւ ԱԻ արագ արձագանքման պլանների մշակումն ու մի շարք այլ ծրագրեր: Նախարար Տոնոյանը հատկապես կարեւորեց հանրապետության չորս քաղաքներում եւ երկու մարզային կենտրոններում ազդարարման համակարգի տեղադրումը:

ՄԱԶԾ ներկայացուցիչները գոհունակություն հայտնեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ. մարզպետարանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ՀՀ Սյունիքի մարզի թվով 14 սահմանամերձ համայնքներում ազդարարման համակարգերի թվով 22 վերջակետային սարքավորումների տեղադրման գործընթացում: Նմանատիպ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի հետ՝ մարզում Մեծավան համայնքի տարածքում գտնվող ջրամբարի շրջակայքում՝ Ձյունշուղ, Տաշիր, Միխայլովկա եւ Սարատովկա ջրածածկման տիրույթում ընկնող համայնքներում ներդնելու ազդարարման համակարգերի թվով 8 վերջակետային սարքավորումներ:

Նախարար Տոնոյանը հատուկ ուշադրություն հրավիրեց սելավատարերի խնդրին՝ նշելով, որ դրանք հարկավոր է ուսումնասիրել՝ բարելավման հրատապ ծրագրեր մշակելու նպատակով: Քննարկվեց նաեւ հակակարկտային համակարգի բարելավման խնդիրը:

ՄԱԿ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը ԱԻ նախարարին ներկայացրեց իր ոլորտում միջազգային աջակցության հնարավորությունները:

Հանդիպման ավարտին կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության ոլորտների ընդլայնման հարցում: