Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին այսօր՝ փետրվարի 11-ի գիշեր տեղի ունեցած ավտովթարից տուժած ուղեւորներից 1-ին գիշերը տեղափոխել են Երեւան, իսկ երկուսին՝ Վանաձորի բժշկական կենտրոն: Մյուս երկու տուժածները բուժումը շարունակում են Ստեփանավանի բժշկական կենտրոնում:

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ գիշերը ժամը 02:30-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով Երեւան են տեղափոխել Ռուսլան Պետրոսյանին՝ աջ սրունքի կոտրվածքով եւ այլ վնասվածքերով: 9-ամյա Վլադիմիր Պետրոսյանը (Ռուսլանի որդին է) ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, գանգուղեղի ցնցում, 43-ամյա Կարեն Մխոյանը ստացել է կրծքավանդակի սալջարդ: Նրանք այժմ գտնվում են Ստեփանավանի հիվանդանոցում:

Վանաձորի բժշկական կենտրոնում բուժօգնություն են ստանում 37-ամյա Տիգրան Էվոյանը՝ աջ բազուկի կոտրվածքով, եւ 32-ամյա Տիգրան Բայադյանը՝ կրծքավանդակի սալջարդ վնասվածքով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 02:10-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-ին կմ-ին Իրար են բախվել «Volkswagen Golf» մակնիշի 35 AU 637 համարանիշի (վարորդ՝ 43-ամյա Կարեն Մ.) եւ «Seat» մակնիշի 35 LP 019 պետհամարանիշով (վարորդ՝ 32-ամյա Տիգրան Բ.) ավտոմեքենաները: Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել Seat-ի վարորդ Տիգրան Բ.-ին, նրա ուղեւոր 37-ամյա Գագիկ Է.-ին, Volkswagen-ի վարորդ Կարեն Մ.-ին, ու նրա ուղեւորներ 32-ամյա Ռուսլան Պ.-ին, 9-ամյա Վլադիմիր Պ.-ին:

Նրանց մարմնական վնասվածքներով տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի մյուս ուղեւոր, 63-ամյա Ատոմ Մանուկյանը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: Վիրավորներից Ռուսլան Պ.-ն եւ 9-ամյա Վլադիմիր Պ.-ն հայր ու որդի են: Վերջինս սովորում է Արմանիստ գյուղի դպրոցի 3-րդ դասարանում։