2016 թ. հանրապետությունում գրանցվել է խարդախությամբ գույքի եւ գումարի հափշտակության 964 դեպք, որոնցից 106-ը իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող  դատապարտյալների կամ կալանքի տակ գտնվող  անձանց կողմից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Վերջինների կողմից քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է մոտ 150 մլն դրամ:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խարդախությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով մի շարք հափշտակություններ կատարվել են ՔԿՀ-ներում գտնվող կալանավորված անձանց կամ պատիժը կրող դատապարտյալների կողմից, որտեղ պետք է ապահովվեր նրանց մեկուսացվածությունը, սահմանափակվեր նոր հանցագործություններ կատարելու հնարավորությունը, բայց պարզվում է, որ անգամ նման պայմաններում շարունակում են կատարել մի շարք հանցագործություններ, այդ թվում` խարդախություններ: ՔԿՀ-ում գտնվելով կարողանում են կապ հաստատել տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ, ձեռք բերել նրանց վստահությունը եւ չարաշահել այն՝ պատճառելով զգալի գույքային վնաս։ Քրեական գործերով բացահայտվել են նման բազմաթիվ դեպքեր եւ պետք է միջոցներ ձեռնարկել ոչ միայն հանցագործությունները բացահայտելու, այլեւ դրանք կանխելու ուղղությամբ»,- այսօր՝ փետրվարի 13-ին. տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ 

ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ խարդախությունները կատարվել են տարբեր եղանակներով՝  հիմնական միջոցը  բջջային հեռախոսներն են, որոնցով  առանձին կալանավորված եւ դատապարտված անձինք հնարավորություն են ունեցել օգտվելու ինտերնետային  կապից: Վերջիններս իրենց հանցավոր մտադրություններն իրականացնում եւ ավարտին են հասցնում  ազատության մեջ գտնվող հանցակիցների միջոցով:

         

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում գտնվող քրեական գործերի ուսումնասիրություններից պարզվել է նաեւ, որ բացի վերը նշված արդեն իսկ բացահայտված 106 դեպքից, հափշտակության եւս 100 եւ ավել դեպքերով  տուժողների հետ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք կապ են հաստատել բջջային հեռախոսների միջոցով, որոնց զանգերը սպասարկվել են ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների մոտ տեղակայված ալեհավաքների կողմից։ Նախնական տվյալները վկայում են, որ դրանք եւս ամենայն հավանականությամբ կատարվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից, եւ բացահայտման ուղղությամբ  կատարվում են համապատասխան քննչական եւ դատավարական այլ գործողություններ։ Անհրաժեշտ է նկատել, որ մեր քաղաքացիները բավական պարզունակ իրավիճակներում են ընկնում հանցավորի ստեղծած ծուղակը՝ արդյունքում կրելով լուրջ նյութական վնաս:

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից հեռախոսների կամ ինտերնետային կապի միջոցով կազմակերպված եւ իրականացրած հանցագործությունները չեն սահմանափակվում միայն խարդախություններով եւ շորթումներով.  բազմաթիվ քրեական գործերի քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ նրանց կողմից նույն տեխնիկական միջոցների օգտագործմամբ կազմակերպվել եւ իրականացվել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: