Ամերիկյան Playboy ամսագիրը հայտարարել է մերկ մոդելների լուսանկարների հրապարակումները վերսկսելու մասին՝ մեկ տարի անց այս պրակտիկայից հրաժարվելու սկանդալային որոշումից հետո: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պարբերականի կրեատիվ տնօրեն Քուփեր Հեֆների խոսքով՝ այսպիսի լուսանկարներից հրաժարվելու անցյալ տարվա որոշումը սխալ էր:
«Մերկությունը երբեք խնդիր չի եղել…Այսօր մենք մեր ոճին ենք վերադառնում եւ դառնում այնպիսին, ինչպիսին նախկինում էինք»,- գրել է նա «Թվիթերում»:
Օգտատերերից շատերը խմբագրության որոշումը ցնծությամբ են ընդունել, սակայն ոմանք նշել են, որ այն ընդունվել է ամսագրի վաճառքի անկման պատճառով:
Ամսագրի մարտյան համարում կհրապարակվի նաեւ դերասանուհի Սքարլեթ Բիրնի հոդվածը՝ նվիրված ԱՄՆ-ում մեկնարկած Free the Nipple արշավին, որին մասնակցող դերասանուհիները պահանջում են կանոնների ներդրում, որոնք կանանց թույլ կտան կուրծքը ցուցադրել հանրությանը:
Playboy ամսագիրը, որը Հյու Հեֆները հիմնադրել է 1953 թվականին, անցյալ տարվանից դադարեցրել է մերկ մոդելների լուսանկարներ հրապարակել:
Պարբերականի տերերը որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ համացանցը էրոտիկան հնաոճ է դարձրել, ուստի այս թեմատիկան դադարել է շահութաբեր լինել:
1970-ական թվականներին Playboy-ի տպաքանակը հասել է 5,6 մլն-ի, սակայն անցյալ տարի այն նվազել է մինչեւ 700 հազար օրինակ:



























