Շիրակի  մարզում ոչ Հանրապետական կուսակցությունն է ուժեղ, ոչ էլ ԲՀԿ-ն, այլ այդ ուժերից առաջադրված թեկնածուները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Շիրակում առաջադրված, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` անդրադառնալով առաջադրված ուժերի հնարավորություններին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ից Շիրակի մարզում առաջադրվել են պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւ այլ ներկայացուցիչներ: Մարտուն Գրիգորյանը եւ Արման Սահակյանը 2012-ի խորհրդարանական ընտրություններում պայքարում էին միմյանց դեմ եւ հաղթեց Մարտուն Գրիգորյանը, իսկ Արման Սահակյանը ԱԺ մտավ ՀՀԿ համամասնական ցուցակով:

Թե այս անգամ որ թեկնածուին կհաջողվի հավաքել անցողիկ քվե, Մարտուն Գրիգորյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել նախորդ ընտրապայքարում թեկնածուների օգտին արձանագրված ձայները: 

«Շիրակում ուժեղ են թեկնածուները, ոչ ԲՀԿ-ն, ոչ ՀՀԿ-ն ուժեղ չեն, թե որի թեկնածուներն են ուժեղ, կամ պիտի հետ գնանք, նայենք` ով ինչ հնարավորություններ ուներ նախորդ անգամ,  կամ պետք է սպասենք  ընտրությունների  արդյունքին: Իսկ ինչ վերաբերում է իմ ու Արման Սահակյանի հարաբերություններին, մենք  լավ ընկերներ ենք, եւ  մեր առավելությունն այն է, որ ընտրությունների հաջորդ օրը մենք  հանդիպել ենք ու մարդկային ճիշտ հարաբերություններ ենք պահել: Մենք կարողացել ենք այն  մշակույթը մտցնել, որ ընտրություններին չհետեւի արյունահեղությունը, այլ հետեւի ընկերությունն ու հաշտությունը»,-ասել է Մարտուն Գրիգորյանը: