«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ նիստում հայտարարեց Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ, նույնանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունը:
Այս առնչությամբ նա իր հայտարարության մեջ նշել է.
«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ,
Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական եւ ծրագրային խզումը իր հռչակած եւ անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից եւ ծրագրից:
Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Միեւնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը եւ միասին անցած ճանապարհը»:



























