Ի տարբերություն Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի, ով գտնում է, որ Հայաստանում հասունացել է զինվորական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման պահը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կարծում է, որ մեր երկրում զինվորական օմբուդսմենի առանձին ինստիտուտի ստեղծման անհրաժեշտություն չկա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը՝ Արմեն Հարությունյանը։
«Այս հարցն արծարծվել է Հայաստան-ՆԱՏՕ բանակցությունների ժամանակ։ Սակայն, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությունը, որը թույլ է տալիս Հայաստանում ունենալ միայն մեկ օմբուդսմեն, դա պարզապես անհնար է։ Մարդու իրավունքների գրասենյակում բացի առանձին խորհրդականի ինստիտուտից, գործում է նաեւ արագ արձագանքման մի ամբողջ խումբ։ Նրանք զբաղվում են բացառապես Զինված ուժերի հարցերով։ Վերջերս մենք նույնիսկ դիտարկումներ արեցինք բանակի վերաբերյալ, հրապարակայնորեն ներկայացրեցինք դրանք եւ ուղարկեցինք Պաշտպանության նախարարություն։ Այնպես որ, կարծում եմ՝ մենք բավարար ուշադրություն ենք դարձնում բանակին։ Ես չգիտեմ՝ որտեղից է այն մոտեցումը, որ մեր կողմից այդ ոլորտին պատշաճ ուշադրություն չի դարձվում, բայց այս հարցի առնչությամբ ամեն մարդ կարող է իր կարծիքն ունենալ։ Իսկ եթե անգամ խնդիրներ կան, դրանք կարելի է լուծել աշխատակազմի ուժեղացմամբ։ Մի քանի օմբուդսմեն ունենալով՝ հարց չես լուծի»,- ասաց Արմեն Հարությոնյանը՝ միաժամանակ հավելելով, որ իրենց գրասենյակի համապատասխան ստորաբաժանումն այսօր աշխատում է բավարար մակարդակով եւ մշտական կապ է պահում Պաշտպանության նախարարության հետ։
Արմեն Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ օմբուդսմենի մեկից ավելի ինստիտուտներ գոյություն ունեն աշխարհի հաշված թվով երկրներում: «Հետաքրքրականը սակայն այն է, որ այդ երկրները, դրանց թվում եւ Շվեդիան (որ իմիջիայլոց օմբուդսմենի ինստիտուտի հիմնադիրն է) աստիճանաբար հրաժարվում են այդ պրակտիկայից եւ գնում դեպի Մարդու իրավունքների մեկ ինստիտուտի ստեղծման ճանապարհով։ Շվեդներից ավելի շվեդ չլինենք, եւ նոր հեծանիվ էլ չհորինենք»,- նշեց ՀՀ օմբուդսմենը:
Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի՝ բանակի հարցերով զբաղվող բաժինը Կառավարությունից բավականին լուրջ ռեսուրսներ է ստանում, ինչն էլ նպաստում է, որ իրենք առավել արդյունավետ եւ լիարժեք կատարեն իրենց գործը։ «Մեր գրասենյակի համապատասխան ստորաբաժանման ֆինանսավորումն այս տարի ավելացել է շուրջ 25-30 տոկոսով»,- տեղեկացրեց Հարությունյանը։
Նշենք, որ NEW.am-ի թղթակցի հետ զրույցում Հրայր Կարապետյանը տեսակետ էր հայտնել, որ Հայաստանում հասունացել է զինվորական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը։





























