Անգլիական London Free Press թերթը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Վրաստանում ձերբակալված հայ մաքսանենգների մասին, ովքեր փորձել էին բարձր հարստացված ուրան վաճառել մարդկանց, որոնց իրենք ահաբեկիչ էին համարել:
Հոդվածի հեղինակի խոսքով, այս պատմությունը ստիպում է մտածել աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի վիճակի մասին: «Բարձր հարստացված ուրանի պոտենցիալ վաճառողները եղել են երկու միամիտ անհաջողակներ՝ 63-ամյա գործարար Սմբատ Տոնոյանը, ով կորցրել է իր ողջ փողերը ազարտային խաղեր խաղալով, եւ 59-ամյա ֆիզիկոս Հրանտ Օհանյանը, ով խրոնիկական հիվանդ է եղել: 2002-ին մանր խաբեբա Գարիկ Դադայանը մոտեցել է Օհանյանին մետաղական փոշու փաթեթով եւ հարցել, թե, արդյոք, դա հարստացված ուրա՞ն է: Լինելով գիտնական, Օհանյանը հաստատել է, որ դա, իսկապես, ուրան է, սակայն Օհանյանը չի կարողացել ասել, թե որքանով է այն հարստացված: Արդյունքում Դադայանը ձերբակալվել է Վրաստանի սահմանն անցնելիս եւ նրա մոտից առգրավվել է 200 գրամ բարձր հարստացված ուրան»,- ասված է հոդվածում:
Հեղինակը նաեւ հայտնում է, որ Դադայանը բանտից ազատ է արձակվել 2005-ին եւ կրկին հանդիպել Օհանյանի հետ: Այդ ընթացքում ֆիզիկոս Օհանյանն ուրանի մասին պատմել է իր ծանոթ Սմբատ Տոնոյանին, որն էլ առաջարկել է ուրանը վաճառել ահաբեկիչներին: Օհանյանն արդեն գիտեր, թե ում դիմի:
«Դադայանը նրանց ասել է, որ ինքը Ռուսաստանում ընկերներ ունի, որոնք կարող են անսահմանափակ քանակությամբ հարստացված ուրան մատակարարել եւ առաջարկել է սկզբի համար գոնե 100 գրամի համար գնորդ գտնել: Սակայն Դադայանը այդ ընթացքում աշխատում էր Վրաստանի հատուկ ծառայությունների համար (հակառակ դեպքում նա այդքան շուտ բանտից չէր կարող դուրս գալ): Այն փաստը, որ նա, ի վերջո, տվել էր ընդամենը 18 գրամ բարձր հարստացված ուրան, հաստատում են այդ կասկածները»,- նշում է հեղինակը:
Նրա կարծիքով, Վրաստանի մոտիվները հստակ են. Միխայիլ Սահակաշվիլին փորձում է վերականգնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ եւ դրա համար անում է ամեն բան, որպեսզի, ինչ-որ կերպ օգտակար լինի ամերիկյան հատուկ ծառայություններին: «Այս ոչ մեծ շոուն Վրաստանում ծառայում է նրան, որ խելացի ամերիկացի հետախույզները կարողանան արդարացնել միջոցները, որոնք հատկացվում են բյուջեից, թեեւ սպառնալիքը, որից նրանք մեզ ուզում են պաշտպանել, անհամեմատ փոքր է, քան նրանք պնդում են»,- ամփոփել է հոդվածի հեղինակը:





























