Թերթն անդրադառնում է նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ արձանագրելով, որ թե ԱՄՆ-ը, թե Եվրամիությունը հայտարարություններ են տարածել, որ ադրբեջանական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

«Բավականին հետաքրքրական է, որ Եվրամիության գնահատականում խստության այնպիսի շեշտադրումներ չկան, ինչպես ամերիկյան հայտարարության մեջ: Ընդհակառակը, ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, թե Ադրբեջանը ԵՄ կարեւոր գործընկերներից է, եւ ԵՄ-ը ցանկանում է շարունակել աջակցությունը քաղաքական բարեփոխումների իրականացման գործում` ներառյալ նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Նշենք, որ վերջերս ավելի հաճախ են դառնում խոսակցությունները, թե շատ չափանիշների դեպքում Ադրբեջանը համարժեք չի գործում Արեւելյան գործընկերությանը: Կան նաեւ գնահատականներ, թե Ադրբեջանին առանձնակի չի էլ հետաքրքրում համագործակցությունը ԵՄ-ի հետ Արեւելյան գործընկերության ձեւաչափում»,- նկատում է թերթը: