Մոսկվան պահանջում է թույլ տալ ռուս դիվանագետներին ացելել Վրաստանում`լրտեսության կասկածանքով ձերբակալված ռուսաստանցիներին: Թբիլիսին իր հերթին նշում է, որ ձերբակալված ռուսաստանցիներին տրամադրվել են բոլոր օրինական իրավունքները:

Թբիլիսին Մոսկվայի հետ բանակցություններ չի վարում լրտեսության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացիների հարցով, մինչդեռ Վրաստանի ԱԳՆ-ն արդեն Ռուսաստանից նոտա է ստացել` այդ մարդկանց մասին տեղեկատվություն տրամադրելու պահանջով, BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն:

«Պաշտոնական նոտա ենք ստացել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, դրա համաձայն, նրանք պահանջում են տեղեկատվություն այդ անձանց մասին եւ հավաստիացումներ, որ նրանք իսկապես Ռուսաստանի քաղաքացիներ են»,- ասել է Կալանդաձեն:

«Նրանք նաեւ դիմել են մեզ խնդրանքով` իրենց հնարավորություն տալ զրուցել իրենց քաղաքացիների հետ…. եւ մենք, իհարկե, կապահովենք այդ ձերբակալվածներին  օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներով»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է լրագրողներին, որ Մոսկվան պահանջում է, որպեսզի ձերբակալվածների հետ հանդիպեն ռուս դիվանագետները, պարզելու համար, թե նրանց մեջ կա՞ն Ռուսաստանի քաղաքացիներ: Լավրովը նաեւ հայտնել է, որ այդ գործով բանակցություններ չեն տարվում եւ չի տրամադրվում որեւէ բացատրություն:

«Կան հյուպատոսական գործընթացներ, մենք պահանջում ենք հյուպատոսական  մուտք: Եւ եթե նրանք մեր քաղաքացիներն են, ապա մենք ցանկանում ենք համոզվել դրանում»,- ասել է Լավրովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Թբիլիսիի տեղեկատվությամբ, 13 ձերբակալվածներից չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են` Արմեն Գեւորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պետրե Դեւրիշաձեն եւ Յուրի Սկրիլնիկովը: