Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) եւ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) հոլանդական Crosspring աքսելերատորի հետ հայտարարում են համատեղ աքսելերացիոն ծրագիր հայկական ստարտափերի համար նախատեսված:

Աքսելերացիոն ծրագրի նպատակն է աջակցել հայկական ստարտափերի առաջխաղացումը եվրոպական շուկայում եւ նպաստել տեխնոլոգիական բիզնեսների զարգացմանը: Ծրագրին կմիանան եւ մասնակիցներին իրենց խորհուրդներով կուղորդեն նաեւ Crosspring-ի մենթորները:

Մրցույթին կարող են մասնակցել հայկական ստարտափեր, որոնք ունեն արդեն մշակված արտադրանք եւ բիզնես նախագիծ հետեւյալ ոլորտներում՝

• Արհեստական բանականություն

• Կիբերանվտանգություն

• Հավելյալ իրականություն (AR)/ վիրտուալ իրականություն (VR)

• BI (Business Intelligence) / Big Data

• Ֆինանսական տեխնոլոգիաներ

Դիմորդները պետք է նաեւ հետաքրքրված լինեն ԵՄ շուկայով եւ ունենան պոտենցիալ այդ շուկայում աճելու համար:  

Ընտրության հիմնական չափանիշներն են.

• Արտադրանքի նորարարություն

• Հմտությունների հավասարակշռվածություն թիմի անդամների միջեւ

• Արդադրանքի/տեխնոլոգիայի զարգացման մակարդակ

• Միջազգային զարգացման պլաններ՝ հատկապես եվրոպական շուկայում

• Ծրագրի/արտադրանքի մեծացման պոտենցիալ

Աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցելառավելագույնը 12 թիմ:Այսնուհետեւ կկայանա Դեմո օր, որի ընթացքում կընտրվի 1-2 թիմ՝Նիդեռլանդներ մեկնելու եւ Crosspring-ում 1 շաբաթ անցկացնելու, հոլանդական բիզնես միջավայրին ծանոթանալու, ինչպես նաեւ պոտենցիալ հաճախորդների ու բիզնես գործընկերների հանդիպելու համար:

Հետաքրքրված բոլոր ստարտափերը պետք է լրացնեն հետեւյալ հայտադիմումը մինչեւ մարտի 15, 2017թ. https://goo.gl/forms/4PkcCUwMta6cenjk1:

Մինչ այժմ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ակսելերացիոն եւ ինկուբացիոն ծրագրերին մասնակցել են 500 թիմ եւ կազմակերպություն, որոնց մեծ մասը ստեղծում է միջազգային շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ լուծումներ ու արտադրանք: