Արմավիրցի 4-ամյա Կարինեի եւ 5-ամյա Էրիկի մահվան համար 3 տարվա ազատազրկման դատապարտված, «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը վճռաբեկ բողոք են ներկայացրել։

NEWS.am–ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ բժշկուհու պաշտպան Անժելա Ենգիբարյանի բողոքը հետ է վերադարձվել սխալները շտկելու համար։

Նշենք, որ Անահիտ Պետրոսյանի պաշտպանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին կամ պատիժը պայմանականորեն չկիրառել։ Վճռաբեկ բողոք է ներկայացրել նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը։ Նա պահանջում է ավելի խիստ պատիժ։

Հիշեցնենք, որ դատարանը «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), եւ յուրաքանչյուր երեխայի մասով դատապարտել 2 տարվա ազատազրկման, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ է նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկումը:

Բացի այդ՝ դատարանը Անահիտ Պետրոսյանին 1 տարի 5 ամիս ժամկետով զրկել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից:

Նշենք, որ ջրաշենցի երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015թ. հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել: Մահվան մեջ երեխայի հարազատները բժշկուհուն են մեղադրում:

Նորապատցի երեխան 2015թ. հունիսի 16-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մայրը մահվան մեղավոր է համարում Անահիտ Պետրոսյանին: Նրա խոսքով` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել: