Որսագողերը ներխուժել են Տուարի քաղաքի կենդանաբանական այգի ու սպանել Վինս անունով սպիտակ ռնգեղջյուրին, որից հետո հատուկ սղոցով կտրել են նրա եղջյուրը, հայտնում է Le Parisien–ը։

Անհայտ աղբյուրը պարբերականին ասել է, որ բացի հինգ տարեկան ռնգեղջյուրից, կենդանաբանական այգում եւս երկու ռնգեղջյուրներ կային, որոնց սակայն չեն վնասել։ Ըստ ամենայնի որսագողերը այդքան ժամանակ չեն ունեցել։ Վինսին որսագողերը սպանել են գլխի հատվածում երեք կրակոցով, որից հետո սղոցել են եղջյուրը ու փախուստի դիմել։

Սպանված կենդանուն աշխատակիցները միայն առավոտյան են հայտնաբերել։ Սա առաջին դեպքն է, որ որսագողերը կենդանի են սպանում Ֆրանսիայի կենդանաբանական այգիներում։

Սպիտակ ռնգեղջյուրների եղջյուրները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ որպես աֆրոդիզիակ, ու սեւ շուկայում դրանց գինը երբեմն հասնում է 220 հազար դոլարի։