Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը մարտի 20-ին իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ ջերմ եւ բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը:
Արգենտինայի նախագահը խնդրեց իր ողջույններն ու բարեմաղաթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել հայ-արգենտինյան բազմաոլորտ հարաբերությունների զարգացման գործում:
Դեսպան Մկրտումյանը նույնպես հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդրվեն երկու բարեկամ պետությունների միջեւ կապերի ավելի սերտացման եւ ամրապնդման համար։ Դեսպանը նաեւ շնորհակալություն հայտնեց նախագահ Մաուրիսիո Մակրիին Հայաստանի ու Արգենտինայի միջեւ համագործակցության եւ բարեկամության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Հանդիպման ընթացքում առանձնակի կարեւորվեց եւ բարձր գնահատվեց արգենտինահայ համայնքի յուրահատուկ կամրջող դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման հարցում։
Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղեւորվեց Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ Արգենտինայի նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ զետեղեց արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:




























