WCFDavos/Yerevan հաղորդակցության համաշխարհային ֆորումի նպատակն այնպիսի հարթակ դառնալն է, որտեղ հնարավոր կլինի աշխարհի տարբեր ծայրերից ժամանած փորձագետների հետ միասին մասնագիտական միջավայրում քննարկել հաղորդակցության զարգացման հնարավոր ուղիները: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Երեւանում մեկնարկած WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումի բացման ժամանակ նշել է Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի նախագահ Յանինա Դուբեյկովսկայան:
«Այս տարի Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումը տեղի ունեցավ Ժնեւում՝ լինելով ավելի երկար եւ ինտենսիվ: Շատ ոգեւորված ենք այն փաստով, որ հնարավորություն ունեցանք ֆորումի տարածաշրջանային նիստերից մեկը կազմակերպել նաեւ Երեւանում: Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան մեր WCF ընտանիքի անդամ է արդեն 9 տարի, եւ շատ ուրախ ենք, որ APRA-ի հետ համագործակցությամբ կփորձենք ընդլայնել մեր ընտանիքի սահմանները՝ այնտեղ ներգրավելով Հայաստանում ոլորտի այլ առաջատար փորձագետների եւ կազմակերպությունների»,- նշեց Յանինա Դուբեյկովսկայան:
Տարածաշրջանում իր ձեւաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում քննարկումներն անցկացվելու են հինգ հիմնական նիստերի ընթացքում, որտեղ ելույթ ունեցողները կանդրադառնան ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, ազգային բրենդինգի եւ համայնքային զարգացման խնդիրներին: Նիստերի աշխատանքներին մասնակցելու են ինչպես ոլորտային առաջատար մասնագետները Հայաստանից, այնպես էլ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ժամանել են WCFDavos-ի հետ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի համագործակցության շրջանակներում:
Ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչեւ մարտի 22-ը:
Նշենք, որ Երեւանում, այսօր՝ մարտի 21-ին, մեկնարկել է WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) եւ Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով:



























