Գնացեք ապրիլի 2-ին վերցրեք համար 8 քվեաթերթիկը եւ դուք չեք փոշմանելու, վստահեցնունմ եմ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Թալինցիները դաշինքի թեկնածուներին դիմավորեցին աղ ու հացով եւ դաշինքը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` «կյանքս հայրենիքին, պատիվս ոչ մեկին» առաջաբանով հեղինակային երգով:

Չնայած մարտի 20-ին Ապարանում կայացած նախընտրական քարոզարշավին էր միացել Րաֆֆի Հովհաննիսյանը, թալինցիների հետ հանդիպմանը նա կրկին բացակայում էր:

Թալինցիներից մեկը, տեսնելով Սեյրան Օհանյանին, բողոքեց Թալինում առկա իշխանության ճնշումներից. «Ինչքան պիտի Հանրապետականը ճնշի մեզ, այս ընտրություներն էլ են կեղծելու, ե՞րբ ենք վերջապես նորմալ ապրելու: Ժողովրդին էս վիճակից հանա: Ես հասակ առած մարդ եմ, հերիք է: Գյուղապետը ճնշում է, հիմնարկի պետը ճնշում է: Երբ ենք այս ցեխից դուրս գալու»,- դժգոհեց թալինցին: Օհանյանն էլ պատասխանեց, որ եկել են Թալին այդ խնդիիներին միասին լուծում տալու: «Մնում է էն տարվա նման չկեղծեն այս ընտրություններն էլ»,-շարունակեց խոսքը թալինցին:

Դաշինքի թեկնածու Արմեն Մարտիրոսյանի առաջարկով թալինցիների հետ հանդիպումը եւս մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի»: «Հաց բերողը» սպանվեց իշխանությունների կողմից, իսկ քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանում է»,-ասաց նա ու հավելեց. «Իշխանությունը միտումնավոր դրեց այս ռեյտինգային համակարգը, իմանալով որ այդպես պառակտելու են անգամ նույն թիմում հանդես եկող քաղաքական ուժերին, հասարակությանը: Նրանք այնպես են անում, որ 4 ընկեր մի թիմում չկարողանան աշխատել: Այդ պառակտման արդյունքում է, որ այս օրերին տեղի են ունենում անվերահսկելի իրադարձություններ: Այդպես օրինակ երեկ դանակահարել են «Ծառուկյան» դաշինքի անդամներից մեկին, մեր համակիրների վրա զենք են բարձրացրել: Մեր թիմում պառակտում չկա»:

Վարդան Օսկանյանն էլ թալինցիներին հուսադրեց. «Տվեք ինձ իշխանություն եւ մոտ 15-20 մարդ, եւ ես ձեզ կտամ զարգացած ու ծաղկուն Հայաստան: Այսօրվա մեր վիճակի հիմնական պատճառը իշխանություների անգործությունն է: Նրանց չի հետաքրքրում ժողովրդի վիճակը: Նրանց հետաքրքրում է միայն իրենց աթոռը»: