«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 21-ին, Կապանում ընտրողների հետ հանդիպմանը հորդորել է մարդկանց չվախենալ ճնշումներից, աշխատանքից ազատելու մասին սպառնալիքներից:

Գագիկ Ծառուկյանը նախ եւ առաջ նշել է, որ պետք չէ վախենալ, քանի որ ստացած աշխատավարձն ընդամենը 200 հազար դրամ է, երկրորդ, գործատուն այդպես է անում, քանի որ վախենում է պաշտոնը կորցնելուց:

«Ազատում են, ազատեն, կամ կարող ա բոլորն ազատվեն, ո՞վ ա իրենց համար աշխատելու: Սյունիքի մարզում պետության սիրտն է, որը հանքարդյունաբերության ամենամեծ ճյուղն ունի՝ մոլիբդեն ու պղինձ: Նավթ ու գազ չունենք, մոլիբդեն ու պղինձ ունենք: Եղել է ժամանակ, որ պղինձը 10 հազար դոլար է եղել, բայց ձեր կյանքում ի՞նչ է փոխվել: Պիտի աշխատավարձը բարձրանար, համապատասխան գերշահույթի դեպքում օրենքի պիտի ընդունվեր եւ կեսից ավելին լիներ պետությանն ու, ժողովրդինը»,- ասել է նա:

Ծառուկյանը կրկին հիշեցրել է, որ մոլիբդենից ու պղնձից ստացվող ամբողջ գերշահույթը պետք է լինի ժողովրդին, մինչդեռ հանրությանն այսօր վախեցնում են, թե աշխատանքից կազատեն. «Պիտի հնարավորություն տաք, որ աշխատողին մենք ազատենք: Ուզում ա՝ քաղաքապետը լինի, մարզպետը կամ կոմբինատի դիրեկտորը, ամբողջը ձեզնից ա կախված: Դուխներդ տեղը պահեք, քամի են անում, որ իրանց գործին մնան»:

Այնուհետեւ դաշինքի առաջնորդը հորդորել է բոլորին մասնակցել ընտրություններին, եթե նույնիսկ հարցնում են, թե ում են ընտրելու, հստակ պատասխան չտալ:

«Հիշեք, որ ես աշխատում եմ, որ ամեն տեղ մի բանով օգնեմ: Ուզում էի Ղափանում «Ջրաշխարհ» կառուցել, չթողեցին, տեղը չհատկացրին: Սիսիանում սպորտդպրոց էի խոստացել, վաղը բացումը լինելու ա: Ղափանում դիմել են ֆուտբոլի դաշտի հետ կապված, ապրիլի 2-ից հետո կամ քաղաքապետարանը հանդերձարանը պիտի հանձնի ստադիոնի տերերին, կամ ուրիշ լուծում պիտի ստանան»:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մարտի 21-ին նախընտրական քարոզարշավն է իրականացնում Սյունիքի մարզում: