Ամուր եւ ինտեգրված հայկական ներկայությունը Իտալիայում ձեռք է բերել բացառիկ նշանակություն, որն էլ ավելի է խորացրել մեր ազգերի միջեւ բարեկամությունը: Այս մասին, Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ իր ուղերձում նշել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոն ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության եւ Իտալական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերությունները կայուն կերպով զարգացել են բարեկամության եւ փոխըմբռնման ոգուն համահունչ, ինչը մեզ հնարավորություն է տվել տարբեր բնագավառներում գրանցել տեսանելի նվաճումներ։ Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ ունենք մեր երկրների միջեւ ստորագրված նշանակալի քանակով իրավական փաստաթղթեր, որոնք ամուր հիմք են ծառայում մեր հարաբերությունների համար։ Հայաստանի արտգործնախարարը նշում է, որ մեր երկկողմ օրակարգն ընդգրկում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ փոխշահավետ համագործակցություն տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում։ Այն նաեւ ներառում է խորհրդարանական հարթությունը եւ միջանձնային կապերը։ Էդվարդ Նալբանդյանը անդրադառնում է նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի ուժերի ընդհանուր հրամանատարության ներքո Հայաստանի եւ Իտալիայի համատեղ ջանքերին՝ հանուն խաղաղության եւ անվտանգության։

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ որպես մշակութային եւ պատմական ժառանգությամբ հարուստ երկրներ մենք ունենք հուշարձանների վերականգնման ոլորտում համագործակցության դրական փորձ, եւ վստահություն հայտնում, որ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման նոր կենտրոնի բացումը հաջողության եւս մեկ պատմություն կլինի հայ-իտալական համագործակցության համար։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է Իտալիայի հայ համայնքի դերը, որը դարեր ի վեր նպաստել է Իտալիայի զարգացմանը եւ այսօր եւս իր նշանակալի ներդրումն ունի մեր երկկողմ կապերի զարգացման գործում։

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը կարեւորում է իր ամուր բարեկամական հարաբերությունները Իտալիայի հետ եւ վստահություն հայտնում, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք մեր գործընկերությունը բարձրացնել առավել բարձր մակարդակի։ Հայաստանի արտգործնախարարը հավելում է, որ հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին վերջին պայմանավորվածությունը, որի առաջին նիստը կանցկացվի շուտով, լավագույնս կծառայի այս նպատակին։

Նախարար Նալբանդյանը բարգավաճում եւ առաջընթաց է մաղթում նախարար Ալֆանոյին եւ Իտալիայի ժողովրդին:

Անջելինո Ալֆանոն իր ուղերձում, շնորհավորելով պատմական կապերի նշանակությունը հաստատող այս կարեւոր առիթով, նշում է, որ դրանք կապեր են, որոնք կենսունակ էին արդեն 18-րդ դարում, երբ կարեւոր նշանակություն ունեցող հայ համայնքը հյուրընկալվել էր վենետիկյան Սուրբ Ղազար կղզում:

Իտալիայի արտգործնախարարը շեշտում է, որ վերջին քառորդ դարում Իտալիան եւ Հայաստանը կարողացել են կառուցել առավել եռանդուն եւ բեղմնավոր հարաբերություններ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական բնագավառներում: Նախարար Ալֆանոն նշում է, որ շուտով Հռոմում հյուրընկալվելու է Իտալիա-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Այն հարուստ եւ հստակ գործընկերության համադրության առիթ է լինելու եւ հատկապես նորարար ուղիներ փնտրելու խթան՝ մեր հարաբերություններին առավելագույն դինամիզմ հաղորդելու համար, որպեսզի դրանք զարգանան ամբողջական ներուժով:

Իտալիայի արտգործնախարարն ընդգծում է, որ այս տարիների ընթացքում կարողացել ենք ապավինել փոխադարձ աջակցությանը մեր քաղաքացիական հասարակությունների միջեւ շահավետ համագործակցության հարցում: Ամուր եւ ինտեգրված հայկական ներկայությունը Իտալիայում ձեռք է բերել բացառիկ նշանակություն, որն էլ ավելի է խորացրել մեր ազգերի միջեւ բարեկամությունը:

Անջելինո Ալֆանոն անդրադառնում է նաեւ այս տարի Հռոմի պայմանագրերի ստորագրման 60-ամյա տարեդարձին՝ եվրոպական ինտեգրման ուղու առաջին, հիմնարար հանգրվանին: Իտալիայի արտգործնախարարը շեշտում է, որ գիտակցելով մայրցամաքում խաղաղությունն ու բարգավաճումը երաշխավորելու հարցում Եվրոպական միության ունեցած դերը, շարունակում ենք վճռականությամբ աջակցել Երեւանի եւ ԵՄ հարաբերությունների ակտիվացմանը` Հայաստանի առաջնայնություններն ու ընտրությունը եւ Բրյուսելի հետ գործընկերության հիմնարար սկզբունքները արտացոլող ձեւերով եւ եղանակներով: Նախարար Ալֆանոն համոզմունք է հայտնում, որ ԵՄ հետ կառուցվածքային երկխոսությունը ապահովելու է բարենպաստ շրջանակ նաեւ երկկողմ հարթակում նոր նախաձեռնությունների համար:

Նախարար Ալֆանոն, վստահություն հայտնելով, որ հաջորդ տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները լինելու են առավել ամուր եւ դրական, նախարար Նալաբանդյանին եւ հայ ժողովրդին մաղթում է բարեկեցություն եւ բարգավաճում: