Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանի գործով հարցաքննվել  է առանցքային վկան, սակայն, առանց թարգմանչի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը՝ նշելով, որ հարցաքննվել է Դավիթի ընկերը՝ Վանիկ Պողոսյանը, որն այդ օրը եղել է նրա հետ:

«Առանցքային վկան հարցաքննվել  է, սակայն, առանց թարգմանչի՝ նա ոչ անգլերենին է տիրապետում, ոչ էլ շվեդերենին: Ռուսաստանի Դաշնությունում է նա, հարցաքննությունը  եղել է հեռախոսազանգի միջոցով եւ այս ամեն ինչից հասկանալի է, որ ձեւական հարցաքննություն է եղել: Վկան ինձ զանգել, ասում էր, որ ոչ ինքն է հասկացել իրենց, ոչ էլ նրանք՝ իրեն»,-ասաց փաստաբանը:

Մարկ Սաֆարյանը նաեւ նշեց, որառանցքային վկային երկրորդ անգամ հարցաքննելու պահանջ է ներկայացրել, որը մինչեւ հիմա չի բավարարվել: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարկ Սաֆարյանը դիմել է Շվեդիայի արդարադատության կանցլերին՝ Շվեդիայի ներքին գործերի դեմ քաղաքացիական հայց հարուցելու պահանջով:

Շվեդիայի դատախազությունը հրաժարվել էր Մարկ Սաֆարյանին տրամադրել քրեական գործին վերաբերող տեսագրությունները:

Փաստաբանը նշել էր, որ դժգոհ է քրեական գործի նախաքննությունից:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց: