Այսօր կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում ձայների 28 կողմ հարաբերակցությամբ ընդունվել է ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի եւ տեղակալ Արարատ Օհանջանյանի համահեղինակությամբ օրակարգում ներառված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խոսելով օրինագծի անհրաժեշտության մասին՝ ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ օրենքի նախագծի մշակման նպատակն է եղել բարձրացնել վերարտադրողականությունը՝ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, սոցիալապես առավել խոցելի խմբերի բժշկական օգնությունը եւ սպասարկման հասանելիությունը, ինչպես նաեւ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերի կանխարգելումը:
Ա. Գրիգորյանի խոսքով՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում նշված է, որ փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումները: Նշված ձեւակերպմամբ հաշվի չի առնվում կենսաբանական ծնողներին, երեխային հանձնելու փոխնակ մոր հոգեբանական պատրաստվածությունը:
«Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ինչը կարեւոր է երեխայի կենսաբանական ծնողներին հանձնելու հոգեբանական պատրաստվածության, ինչպես նաեւ փոխնակ մայր դառնալ ցանկացող կնոջ առողջության համար: Ելնելով վերոնշվածից գործող օրենքում ներառվել է դրույթ, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անձը համարվում է երեխա մինչեւ 18 տարեկանը, եւ որ փոխնակ մայր կարող է դառնալ միայն նախկինում մեկ անգամ առնվազն ծննդաբերած կանայք, ապա անհրաժեշտություն է առաջանում, որ փոխնակ մայր կարող է դառնալ բարձրացնելով թույլատրելի տարիքի ստորին շեմը, ինչը եւ առաջարկվել է նախագծով: Օրենքում ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրվել է նաեւ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածը, նկատի ունենալով առկա կարգավորումների բացերը եւ հակասությունները,- հավելել է Ա. Գրիգորյանը եւ ավելացրել,-այսպես՝ օրենսդրորեն արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումները (այսպես կոչված սելեկտիվ աբորտները), սահմանվում է հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ եւ մեխանիզմներ»:
Պատգամավորը նշել է, որ ԱՀ առողջապահության նախարարին է վերապահվում հղիության արհեստական ընդհատման, բժշկական, սոցիալական հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկը հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներառվող փաստաթղթերի օրինակելի ձեւերը հաստատելու լիազորությունը: «Վերոնշված փոփոխությունով պայմանավորված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված է վարչական պատասխանատվություն՝ օրենքով թույլատրվող արհեստական հղիության ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար: Համապատասխան օրենքը այսուհետ կգործի նաեւ Արցախում»,- ասել է Ա. Գրիգորյանը եւ հավելել, որ նոր օրենքով կանխարգելվում է հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերը, ինչպես նաեւ սահմանվում է վարչական պատասխանատվություն ապօրինաբար հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ, ինչը Արցախում զգալիորեն կբարելավվի ժողովրդագրական իրավիճակը:




























