Քալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջեքի Սփիիրը ապրիլի 1-ին հայտնել է, որ մտադիր է Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել օրինագիծ, որով կարգելվի երկրի նախագահ Դոնալդ Թրամփին միանձնյա որոշումներ ընդունել Twitter-ի իր էջում հրապարակումների մասին: Պարզվել է, որ դա ապրիլմեկյան կատակ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հաջորդ շաբաթ ես օրինագիծ կներկայացնեմ, որը կարգելի նախագահին գրառումներ անել Twitter-ում՝ առանց որեւէ վերահսկողության»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Նման գրառման համար առիթ է դարձել Թրամփի առավոտյան գրառումը, որտեղ նա լրատվամիջոցներից պահանջել է «կեղծ պատմություն չտարածել», իբր ինքը Ռուսաստանի հետ շփումներ ունի եւ սկսել լուսաբանել իր նախընտրական շտաբի գաղտնալսման սկանդալը: